Թեմի առաջնորդ. Ղրիմի հայ համայնքը չեզոքություն է պահպանում
«Ղրիմի հայ համայնքը չեզոքություն է պահպանում»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ, Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը:
Սրբազանն առաջիկա օրերին մեկնելու է Ղրիմի մի քանի քաղաքներ, որտեղ հայեր են ապրում` տեղում ավելի հանգամանալից ծանոթանալու իրավիճակին:
«Երկիրը երկիր է, և պաշտոնական հայտարարություններն ասում են, որ մենք պետք է օրենքները հարգենք: Քաղաքական վիճակում փոփոխությունների հատուկ կարծիք, ձգտում և ցանկություն հայ համայնքը չունի, զարգացումներն իրենք ցույց կտան: Հիմնականում հայ համայնքը որևէ ճնշման տակ չի գտնվում, բայց շատ զգույշ են, որ հանկարծ որևէ բան չպատահի, իրենք էլ սխալ կարծիք չհայտնեն, որն ինչ-որ դժգոհություն կառաջացնի»,- ասաց նա:
Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը նշեց, որ բացի այն բանից, որ ընդհանուր կացությունը մտահոգիչ է, հայ համայնքի համար մտահոգություն չկա. «Ինչպես բոլոր այնտեղ ապրողները, նույնը` հայերը»:
Նշենք, որ Ղրիմում ապրում է մոտ 30 000 հայ: