Երևանի մանկապարտեզներից մեկում հայտնաբերվել է ժամկետանց ձու, միսն էլ չի ունեցել փորձաքննությունը հաստատող փաստաթուղթ
ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մարտի 25-ից ապրիլի 10-ը ստուգումներ է անցկացրել Երևանի 11 մանկապարտեզում, որից 10-ը` պետական, 1-ը` մասնավոր: Պետական մանկապարտեզներում անցկացված ստուգումների արդյունքում, ինչպես Panorama.am-ին հայտնեց Ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը, սննդի որակի և սանիտարահիգիենիկ պայմանների հետ կապված որևէ խնդիր չի հայտնաբերվել։
Սակայն, ըստ նրա, խախտումներ են հայտնաբերվել մասնավոր` թիվ 53 մանկապարտեզում: Այն գործում է Դեմիրճյան փողոցում` Ազգային ժողովի հարևանությամբ:
Ա.Սուքիասյանը նշեց, որ տվյալ մանկապարտեզում ոչ միայն սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանել պահանջվող նորմերին, այլև Ծառայության մասնագետները մանկապարտեզի սառնարանում հայտնաբերվել են 44 հատ ժամկետանց ձու: Բացի այդ, ՍԱՊԾ-ի մասնագետները պարզել են, որ սննդի համար նախատեսված միսը չունի անասնաբուժասանիտարական փորձաքննությունը հաստատող փաստաթուղթ:
«Տրվել են հանձնարարականներ՝ առկա խախտումներն ու թերությունները շտկելու համար: Բացի այդ, տվյալ մանկապարտեզը կենթարկվի վարչական պատասխանատվության»,- ասաց Ս.Սուքիասյանը:
Նա միաժամանակ նշեց, որ մասնավոր մանկապարտեզում ստուգումներն անցկացվել են մարտի 31-ից մինչև ապրիլի 8-ը և այս պահին, ըստ Ա. Սուքիասյանի, առկա խախտումներն ու թերություններն արդեն շտկվել են:
«Սակայն սա չի նշանակում, որ մենք այլևս ստուգումներ չենք անցկացնելու տվյալ մանկապարտեզում: Այն մշտապես լինելու է մեր ուշադրության կենտրոնում»,- ասաց Ծառայության մամուլի քարտուղարը:
Ի դեպ, մեր տեղեկություններով` այդ մանկապարտեզում մեկ ամսվա վարձն արժե շուրջ 80 հազար դրամ: