Անդրանիկ Իսպիրյան. Թուրքիայի մի շարք բուհերում Ցեղասպանությանը նվիրված գիտական աշխատանքներ են գրվում
Հայոց Ցեղասպանության ընկալման հարցում Թուրքիայում նկատվում են որոշակի դրական տեղաշարժեր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:
«Թուրքիայի հարապետության ստեղծումից հետո միայն 2005թ պատռվեց Հայոց ցեղասպանության մասին խոսելու տաբուն: 2005թ-ից Թուրքիայում պաշտոնապես թույլատրվեց համաժողովներում, սրահներում ցանկացած տեսանկյունից խոսել 1915 թ դեպքերի մասին: Սա կարևոր ուղերձ էր թուրք այլախոհ մտավորականությանն ու բնակչությանը»,-ասաց Ա.Իսպիրյանը:
Բանախոսը նշեց, որ Հայոց ցեղասպանության, հայության խնդիրների մասին Թուրքիայում բարձրաձայնելու հարցում բեկումնային նշանակություն ունեցավ նաև Հրանտ Դինքի մահը:
«Դինքի սպանությունը ոտքի կանգնեցրեց բազմաթիվ մարդկանց` հայերի, քրդերի և շատ քիչ քանակությամբ թուրքերի: Այն, այսպես ասած, հող նախապատրաստեց 2010 թ.-ից Ստամբուլի կենտրոնում` Թաքսիմ հրապարակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի արարողության անցկացման համար»,- ասաց Ա.Իսպիրյանը:
«Քուրդ առաջնորդները, տեսնելով Ցեղասպանության հարցում իրականացվող քաղաքականության որոշակի մեղմացում, փորձելով իրենց տարանջատել ոճրագործության հեղինակներից և նրանց հետնորդներից, սկսեցին քննադատել Ցեղասպանությունը, Թուրքիային կոչ անել առերեսվել իրականության հետ: Նրանք ներողությունն խնդրեցին հայերից իրենց պապերի իրականացրած ոճրագործության համար` ընդ որում կիրառելով հենց Ցեղասպանություն եզրույթը»,- նշեց Ա.Իսպիրյանը:
Նաև մանրամասնեց, որ դրանց թվում էին քուրդ այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Քրդական «Խաղաղություն և զարգացում» կուսակցության համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշը և «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության ղեկավար Սըրրը Սուրեյա Օնդերը:
Ըստ բանախոսի` առաջնորդներին հետևեց նաև քուրդ ժողովուրդը, որն սկսեց ավելի բաց խոսել Ցեղասպանության մասին:
Ա.Իսպիրյանը նշեց, որ Ցեղասպանության ընկալման հարցում էական փոփոխություններ են տեղի ունեցել նաև թուրքական մտավորականության ջրջանում:
«Փոփոխությունները հասել են այն մակարդակին, որ Թուրքիայի մի շարք բուհերում ուսանողները, փորձելով հասկանալ թե իրականում ինչ է տեղի ունեցել, գրում են Ցեղասպանությանը նվիրված գիտական աշխատանքներ: Դա իր հերթին անհանգստացրել էր թուրքական իշխանություններին և վերջերս Թուրքիայի պատմաբանական ընկերությունը հրահանգեց բուհերին իրենց ներկայացնել այն աշխատանքների ցանկը որոնք վերաբերում են 1915 թ իրադարձություններին»,- ասաց Անդրանիկ Իսպիրյանը:
Այնուամենայնիվ, Ա. Իսպիրյանը շեշտեց, որ քանի դեռ կա Ցեղասպանության ժխտման թուրքական պետական քարոզչությունը, ցեղասպանության ընկալման հարցում թուրք հասարակության լայն շրջանակների մոտ որևէ շոշափելի առաջընթաց դժվար է ակնկալել:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ