«Նրանք մեր պապերն են, նրանք բոլորը հայ են եղել». Մարդկային հոսքը Ծիծեռնակաբերդում ակտիվ է
Առավոտյան ժամը 9-ի դրությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մարդկային հոսքը բավականին ակտիվ է. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու են գալիս տարեցներ, երիտասարդներ ու երեխաներ, փոխանցում է Panorama.am-ի թղթակիցը:
«Ես իմ պարտքն եմ համարում հարգանքի տուրք մատուցել մեր պապերին: Ճիշտ է` իմ նախնիները արևմտյան Հայաստանից չեն, բայց նրանք բոլորը մեր հայրենակիցներն են, մեր պապերն են, նրանք բոլորը հայ են եղել»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքացի Սոնա Միրզոյանը:
Նա իր հետ բերել է իր հնգամյա թոռնիկին, ով մեզ հետ զրույցում փոխանցեց հետևյալը. «Տատիկիս հետ արդեն երկու անգամ եղել եմ այստեղ, և նա միշտ նույնն է ասում` այստեղ թաղված են մեկ ու կես միլիոն հայեր»:
Քիչ հետո սպասվում է, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կայցելի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և պաշտոնատար այլ անձինք:
Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը: Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ