Միջգերատեսչական աշխատանքային խումբը զբաղվում է քաղաքացիների բանկային հաշիվների արգելափակման խնդրով
ՀՀ արդարադատության նախարարն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով քաղաքացիների բանկային հաշիվների արգելափակմանը` նշեց, որ խնդիրն իսկապես կարևոր է, այն վերաբերում է բազմաթիվ քաղաքացիների և բազմաշերտ է:
«Այդ պատճառով իմ նախաձեռնությամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որտեղ արդարադատության նախարարության և դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ներկայացուցիչներից զատ ընդգրկվել են նաև ոստիկանության և Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ»,- ասաց նա:
Բացի այդ, գործում է թեժ-գիծ, և իրենք քաղաքացիներին խնդրել են, որպեսզի յուրաքանչյուր նման դեպքում անմիջապես կապ հաստատեն իրենց հետ, որպեսզի փորձեն մարդկանց խնդիրներին լուծում տալ:
Հ. Մանուկյանի խոսքերով` խնդիրներից առաջինը վերաբերում է ծանուցումներին, որը ոստիկանության կողմից երբեմն պատշաճ չի իրականացվում: Նրա կարծիքով` այստեղ պետք է վարչարարությունը ամրապնդել, որպեսզի նման դեպքերը բացառվեն կամ մինիմումի հասցվեն: Միաժամանակ նա նշեց, որ այդ տուգանքները հասնում են հազարների, բնականաբար, այդ ահռելի ծավալի մեջ հնարավոր են դեպքեր, երբ պատշաճ ծանուցումը ոչ բոլոր դեպքերում հնարավոր կլինի ապահովել: Խնդիրը, ըստ նախարարի, նաև կապված է փոստային աշխատանքի հետ և այս ուղղությամբ ևս իրենք աշխատում են:
Երկրորդ խնդիրը վերաբերում է բանկային հաշիվների արգելափակմանը` կապված բանկային հաշիվների վրա դրվող արգելանքի չափի հետ: Այն բոլոր փաստաթղթերում, որոնք կազմվում են հարկադիր կատարման ծառայողի կողմից, հստակ նշվում է գումարի չափը, այսինքն` արգելանքը որքան չափով պետք է դրվի: Սակայն կան տեխնիկական խնդիրներ, որոնք որոշ բանկերում լուծված չեն և այդ բանկերը ավտոմատ արգելանք են դնում ամբողջ հաշվի վրա:
«Կենտրոնական բանկի հետ հիմա այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատում ենք, փորձում ենք շատ արագ այդ խնդիրները լուծել»,- ասաց Հ.Մանուկյանը:
Նախարարը նշեց նաև, որ կրեդիտ քարտերի արգելափակման հետ կապված ևս խնդիրներ կան: Ըստ նրա` մտածում են օրենսդրական կամ այլ պրակտիկ լուծումներ գտնել, քանի որ տրամաբանության տեսակետից կրեդիտ քարտերի վրա դրվող արգելանքը խնդրահարույց է: Այստեղ ևս, ըստ Հ.Մանուկյանի, իրավական կարգավորումներ են հարկավոր:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ