Շարունակվում են «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարական աշխատանքները
«Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու Տրանշ 1-ի՝ Երևան-Արտաշատ (հատված 2), Երևան-Աշտարակ (հատված 3) և Տրանշ 2-ի՝ Աշտարակ-Թալին (հատված 1) ճանապարհահատվածներում ամռան ամիսներին շարունակվում են շինարարական աշխատանքները։
Տրանշ 1-ի Երևան-Արտաշատ ճանապարհահատվածում, որտեղ արդեն ավարտվել է ձախակողմյան մոտ 19.5 կմ երկարությամբ հատվածի բետոնապատումը, կատարվում է կարալցում, ջրահեռացման համակարգերի տեղադրում, կամրջային կառույցների հատվածներում՝ ասֆալտապատում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:
Բետոնապատման աշխատանքներ են իրականացվում ճանապարհի աջ կողմում.այստեղ մոտ 2,7 կմ հատվածն արդեն բետոնապատ է։
Շոգ եղանակի պատճառով այս հատվածում կատարվել է աշխատանքային գրաֆիկի փոփոխություն՝ կեսօրին աշխատելու փոխարեն աշխատանքներն ընթանում են երեկոյան և գիշերային ժամերին։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը բազմիցս նշել է, որ Հայաստանի համար պետական նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցման համար կարևորագույն խնդիր է բարձր որակի ապահովումը։ Տրանշ 1-ի Երևան-Արտաշատ ճանապարհահատվածում նախատեսվում է բետոնապատման աշխատանքներն ամբողջությամբ ավարտել հոկտեմբերի երկրորդ կեսին։
Տրանշ 1-ի Երևան-Աշտարակ ճանապարհահատվածի աջակողմյան մասում կատարվել է մոտ 10,4կմ, իսկ ձախակողմյան մասում՝մոտ 3.0 կմ բետոնապատում։
Այստեղ աշխատանքների ավարտը նախանշված է հոկտեմբերի առաջին կեսին։ Տրանշ 2-ի Աշտարակ-Թալին ճանապարհաhատվածում իրականացվում են հողային աշխատանքներ (հանույթ, լիցք, պայթեցում), հնագիտական պեղումներ և հողօտարումներ։
Հայաստանի հյուսիսային հատվածի բնակլիմայական պայմանները հաշվի առնելով՝ Տրանշ 2-ի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի 55-րդ կիլոմետրում, ճանապարհի տակ տեղադրվում են ջրթող խողովակներ, որոնց միջոցով անձրևաջրերն ու ձնհալոցքները կհեռացվեն՝ չվնասելով ճանապարհը։
Ճանապարհաշինական աշխատանքներին զուգահեռ առաջիկայում կվերանորոգվեն ու կվերականգնվեն նաև այս հատվածներում տեղակայված կամրջային կառույցները։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ