Սերժ Սարգսյանը՝ դպրոցականներին. «Մենք մեր հերոսներին պարտք ենք մնացել»
«Մեր ազատամարտի պատմության ընթացքում ունեցել ենք հազարավոր հերոս տղաներ, բայց ի տարբերություն մեր հակառակորդի, մենք այդ հերոսներին պարտք ենք մնացել: Պաշտոնապես այդ հերոսությունը չենք ամրագրել: Բոլորիս պարտքն է վեր հանել յուրաքանչյուր դրվագ, յուրաքանչյուր մարտիկի հերոսություն»,- այսօր նախագահական նստավայարում «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի հաղթող և մարզերում ու տարիքային խմբերում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտների հետ հանդիպման ժամանակ ասաց նախագահ Սերժ Սարգսյանը՝ դիմելով աշակերտներին:
Երկրի ղեկավարը նշեց, որ պետք է փաստարկներով ցույց տալ այն հերոսներին, որոնց շնորհիվ կարողացել են պահպանել Հայաստանի ազատությունն ու անկախությունը:
Ս. Սարգսյանն ասաց աշակերտներին, որ ցանկանում է, որպեսզի նրանք ուսումն ավարտելուց հետո հետաքրքրվեն մեր ազատամարտի պատմությամբ:
Պատասխանելով հարցին՝ ի՞նչ մասնագիտություն եք ցանկանում, որ Ձեր թոռնիկներն ընտրեն, Ս. Սարգսյանն ասաց. «Կարևոր չէ մասնագիտությունը: Բնագավառն ինձ համար էական չէ: Կարևորն այն է, որ մարդ իր բնագավառում լինի լավագույնների շարքում, իսկ ամենացանկալին է՝ լինել լավագույնը»:
Նախագահը պատմեց, որ 5-6-րդ դասարանում ցանկացել է դառնալ պատմաբան, սակայն հետագայում ընտրել է բանասերի մասնագիտությունը, իսկ այսօր պետական պաշտոնյա է:
Իսկ թե ինչո՞ւ է ընտրել հենց բանասերի մասնագիտությունը, երկրի ղեկավարը դժվարացավ պատասխանել. «Չգիտեմ: Այդպես է ստացվել: Ուզում էի մի քիչ զարգացնել հայկական բանասիրությունը»:
Ս. Սարգսյանն իմանալով, որ իրեն հարց տվող աշակերտը պատրաստվում է դառնալ բժշկուհի, ասաց որ հայ ժողովուրդը բազմաթիվ հերոս բժիշկներ, բուժքույրեր է ունեցել. «Պատերազմի ժամանակ ամենապահանջվածն է՝ բուժքույր, սանիտարական մեքենա, կապի միջոց, այլ ոչ թե փամփուշտների քանակը»:
Աշակերտներից մեկը հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի երկրի ղեկավարն ուսումն արտասահմանում շարունակելու հարցի վերաբերյալ: Նախագահն ասաց, որ կան այնպիսի մասնագիտություններ, օրինակ «Հայ բանասիրություն», «Հայոց պատմություն», որ լավագույնը միայն Հայաստանում կարող են դասավանդել:
«Բնական գիտությունների պարագայում արտասահմանում սովորելն անհրաժեշտություն է, իսկ վերապատրաստվելը՝ պարտադիիր պայման»,- նշեց Սերժ Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին