Թուխմանուկի ոսկու հանքավայրի 3-րդ պոչամբարի նախագիծն անվավեր ճանաչելու պահանջով բնապահպանները դիմել են նախարարին
Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը պետք է անվավեր ճանաչի Թուխմանուկի հանքավայրի երրորդ պոչամբարին տված դրական եզրակացությունը: Նման պահանջարկով նամակ է ուղղվել նախարարին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրավաբան Արթուր Գրիգորյանը:
«Եթե Արամայիս Գրիգորյանը լինելով նոր նախարար, սխալ է թույլ տվել՝ դրական եզրակացություն տալով Թուխմանուկի հանքավայրի երրորդ պոչամբարի նախագծին, ժամանակն է, որ նա ուղղի այն ու անվավեր ճանաչի այս նախագիծը»,- նշեց նա:
Բնապահպան Գրետա Գաբրիելյանն ասաց, որ Թուխմանուկի հանքավայրի երրորդ պոչամբարի կառուցման նախագիծը մեծ հնչեղություն էր ստացել, բնապահպանների ճնշման տակ նախագիծը մերժվել է:
«Պետք էր շատ ուշադիր լինել նախագծին կրկին անդրադառնալիս»,- նշեց բնապահպանը՝ հավելելով, որ այն վատ կանդրադառնա ոչ միայն շրջակայքում բնակվողների, այլ նաև բուսական աշխարհի վրա:
Բնապահպան Սեյրան Մինասյանի խոսքով, Թուխմանուկի ոսկու հանքավայրը շահագործող «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ն բացահայտ խեբության է դիմել. նախագծի համաձայն պետք է պոչամբարը կառուցվի գյուղից 800 մետր վերև, սակայն իրականում կառուցում է գյուղից ներքև:
Ըստ նրա, ընկերությունը նախ պետք է շրջակայքի երեք գյուղերի բնակիչներին տեղափոխի, ամբողջությամբ փոխհատուցի նրանց, նաև բարոյական վնասը, նոր սկսի այդ տարածքում գործունեություն ծավալել: Նա նշեց, որ դա ընդունված է միջազգային պրակտիկայում, սակայն Հայաստանում այդ ուղղությամբ որևէ քայլ չեն կատարում, ընդհակառը՝ խաբելով իրենց աշխատանքն են կատարում:
Իրավաբանն ասաց, որ այժմ իրենք աշխատում են գյուղացիների հետ: Գյուղացիները խնդրում են բնապահպանության նախարարին՝ գնալ գյուղեր, տեսնել, թե ինչ է կատարվում իրականում:
«Երկրորդ փուլով հաղորդում ենք ներկայացնելու, քանի որ խախտումներն այն աստիճան այլանդակ են, որ ոստիկանությունը, դատախազությունը հազիվ թե կարողանա մերժել քրեական գործ հարուցել»,- նշեց Արթուր Գրիգորյանը:
Սեյրան Մինասյանն էլ ասաց, որ Հայաստանում հաջողությունների չհասնելու դեպքում դիմելու է ԱՄՆ Սենատին, քանի որ Թուխմանուկի ոսկու հանքավայրը շահագործող «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ն ամերիկյան կազմակերպություն է. «Հետաքրքիր է, ինչպես իրենք կարձագանքեն, եթե նման գործունեություն ծավալեն իրենց երկրում»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ