147 մլն դրամ` մարզերի բնակիչների բարձրացրած հարցերին լուծումներ տալու համար
ՀՀ կառավարությունն այսօր պահուստային ֆոնդից 147 մլն դրամ հատկացրեց` ՀՀ նախագահի ու վարչապետի մարզեր կատարած այցերի ընթացքում բնակիչների բարձրացրած հարցերին լուծումներ տալու նպատակով: ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը նշեց, որ Տավուշի մարզ կատարած այցելության ընթացքում համայնքային հանդիպումների ժամանակ բարձրացվել են մի շարք խնդիրներ:
Կառավարության ղեկավարը համապատասխան հանձնարարականներ էր տվել՝ խնդիրները կարգավորելու համար: Բարձրացված հիմնախնդիրներից կարևորվել են Տավուշի մարզի Չինարի համայնքի տարածքում առավել վտանգավոր հատվածներում բնակչության տեղաշարժի անվտանգության ապահովման հենապատի կառուցման, Չինարիի դպրոցի պատուհանների վերատեղադրման, Այգեձոր համայնքում ոռոգման ջրատարի կառուցման և ջրատարի ամրացման համար գաբիոնե հենապատի կառուցման խնդիրները:
Բացի այդ, այս տարվա մարտի 30-ին տեղի ունեցած ուժեղ քամիների հետևանքով Գեղարքունիքի մարզի որոշ համայնքներում առաջացել են հրատապ լուծում պահանջող խնդիրներ, մասնավորապես, Ծակքար համայնքի դպրոցի մասնակի վերանորոգման, «Սևանի հիվանդանոց»-ի մեկ մասնաշենքի տախտակամածի, ջրհորդանների և թիթեղյա ծածկի իրականացման աշխատանքներ:
Քամու հետևանքով ամբողջությամբ քանդվել է շուրջ 100քմ մակերեսով թիթեղյա ծածկը, իսկ մնացած հատվածը՝ պոկվել է: Լուրջ վնասվել է նաև Այրք համայնքի միջնակարգ դպրոցի ուսումնական մասնաշենքի տանիքի ծածկը, շուրջ 90քմ մակերես, իսկ մնացած մասը դարձել է շահագործման համար ոչ պիտանի:
Վերոնշյալ խնդիրները կարճ ժամկետներում չլուծելու պարագայում անհրաժեշտություն կառաջանա ներդնել առավել մեծ ֆինանսական միջոցներ, ուստի Կառավարությունն այսօր պահուստային ֆոնդից 147 մլն դրամ հատկացրեց` հիմնախնդիրները լուծելու նպատակով: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը փոխվարչապետից հետաքրքրվեց, թե արդյոք սահմանամերձի մասով իրենց խոստումները կատարել են, Ա.Գևորգյանը դրական պատասխան տվեց: