Իրանական «Press.tv» հեռուստաալիքի թղթակիցն աղմկահարույց ռեպորտաժից երկու օր անց Թուրքիայում մահանում է ավտովթարից
«ՄԱԿ-ը Թուրքիայից պահանջում է բացահայտել իրանական «Press.tv» հեռուստաալիքի թղթակցի մահվան հանգամանքները»,-այդ մասին հաղորդում է իրանական «Խաբարօնլայն.իռ» կայքը:
Հիշեցնենք, որ կիրակի օրը «Press.tv» հեռուստաալիքի թղթակից Սերենա Շիմը Թուրքիայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիքը, անդրադառնալով վերոնշյալ միջադեպին, նշել է, որ Թուրքիայի համապատասխան կառույցները պետք է համակողմանի քննություն իրականացնեն և բացահայտեն Սերենա Շիմի մահվան հանգամանքները:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ «Press.tv» հեռուստաալիքի թղթակից Սերենա Շիմը մահվանից առաջ թուրք-սիրիական սահմանին մի ռեպորտաժ է պատրաստել, որտեղ նշել է, որ Թուրքիան, օգտագործելով Պարենի և Գյուղատնտեսության կազմակերպության (FAO) բեռնատար մեքենաները, ահաբեկիչներին տեղափոխել է Սիրիա:
Հիշյալ ռեպորտաժից ընդամենը երկու օր անց Սերենա Շիմը Թուրքիայի հարավում տեղի ունեցած ավտովթարից մահանում է:
Նշենք, որ նախօրեին իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը, անդրադառնալով վերոնշյալ միջադեպին, գրել էր. «Այս դեպքը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Թուրքիայի անվտանգության ուժերը նախորդ շաբաթ Սերենա Շիմին մեղադրել էին կառավարության ընդդիմադիրների օգտին լրտեսություն կատարելու մեջ»:
«Press.tv»-ն հայտարարել է, որ նման մեղադրանքների հիմքում ընկած են Սիրիայի Քոբանի քրդաբնակ քաղաքի իրադարձությունների կապակցությամբ Թուրքիայի կառավարության որդեգրած դիրքորոշումների վերաբերյալ Շիմի պատրաստած հաղորդումները:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին