Վահան Զատիկյանի ծննդյան օրն է
Հոկտեմբերի 22-ը Մալաթիա-Սեբաստիայի առաջին համայնքապետ, պետական ու քաղաքական գործիչ Վահան Զատիկյանի ծննդյան օրն է, այսօր նա կդառնար 58 տարեկան:
«Քիչ հասցրեց ապրել` ընդամենը 43 տարի, բաց հասցրեց մեծ գործեր անել ` հնարավորինս թեթևացնել ազգաբնակչության սոցիալ-տնտեսական հոգսերը` հատուկ հոգածություն ցուցաբերել բազմազավակ ընտանիքների, մայրերի, ծերերի, միայնակ կենսաթոշակառուների, հաշմանդամների, ազատամարտիկների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանվածության հիմնախմդիրներին: Ես երիտասարդ սերնդի ներկայացուցիչ եմ: Մեր սերունդը, կարծում եմ, այսպիսի մարդկանց պետք է օրինակ ունենա…Վահան Զատիկյանի հաջորդների, կոնկրետ, նաև իմ նախորդների աշխատանքը` Նրա գործի, արած-դրածի շարունակությունն է»,-ֆեյսբուքյան իր էջում Զատիկյանի մասին գրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ներկայիս ղեկավար Արտակ Ալեքսանյանը:
Վահան Զատիկյանը ծնվել է 1956 թ Ախալքալակի շրջանի Լոմատուրցխ գյուղում, Ղարաբաղյան ազատագրական շարժման մասնակից է, «Մալաթիա» կամավորական ջոկատի հիմնադիր-հրամանատարը: Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական (1982) և Երևանի տնտեսագիտության (1998) պետական ինստիտուտները: 1991–95-ին՝ Երևանի Շահումյանի շրջանի գործկոմի նախագահ, 1995–99-ին՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին համայնքապետը: ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ (1994), ՀՀ վաստակավոր մարզիչ (1995), «Մալաթիա» բարեգործական ընկերության հիմնադիր նախագահ (1995): ՀՀ երկրապահ կամավորականների և «Ջավախք» հայրենակցական միությունների անդամ: Հովանավորել է Երևանի Սուրբ Մարիամ եկեղեցու կառուցումը (1992–97): Զատիկյանը մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի, Տավուշի, Իջևանի, Արարատի (Երասխ), Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրիի շրջանների ինքնապաշտպանական մարտերին, Շահումյանի շրջանի (Էրքեջ, Մանաշիդ, Կարաչինար, Բուզլուխ), Գետաշենի ենթաշրջանի (Մարտունաշեն, Ազատ, Կամո, Կուշչի-Արմավիր, Գետաշեն) բնակչության տարհանմանը: Եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր (1995–1999): Պարգևատրվել է ՀՀ «Մարշալ Բաղրամյան–100», «Արիություն», ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» (հետմահու) մեդալներով: Երևանի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում սահմանվել է «Վահան Զատիկյան» կրթաթոշակ: Զատիկյանի անունով են կոչվում ԼՂՀ Բերձոր քաղաքի, Երևանի N 90 և Լոմատուրցխի միջնակարգ դպրոցները: Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղադրված է Զատիկյանի կիսանդրին (քանդակագործ՝ Ռ. Սարգսյան): Թաղված է Եռաբլուրում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին