Կառավարությունը կարևորում է հանրային ծառայությունների բարձր որակը. նախարար
Երևանում ընթանում է «Նորակառույց բազմաբնակարան շենքերի հետ կապված նոտարական գործարքներ», «Նոտարների կարգապահական պատասխանատվության հիմքերը և ընթացակարգերը» թեմաներով միջազգային սեմինար, որին մասնակցում են մասնագետներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Բելառուսից, Ուկրաինայից, Ռուսաստանից:
Սեմինարին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Նա նշեց, որ Հայաստանում շատ են կարևորում հանրային ծառայությունների բարձր որակը, ինչը բնակչության համար կարևորագույն խնդիր է: Նախարարի խոսքով, կառավարությունն իր գործողությունների ծրագրում նույնպես շեշտել է բնակչությանը մատուցվող հանրային ծառայությունների արդյունավետությունը, որակը, արագությունը բարելավելու հրամայականը:
«Հանրային ծառայությունների ոլորտում նոտարական ծառայություններն ունեն իրենց կարևոր, ուրույն դերը»,- ասաց Հ. Մանուկյանը:
Նա նշեց, որ Հայաստանում արդեն բանականին երկար ժամանակ խոսվում է հանրային ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքի ներդրման անհրաժեշտության մասին. «Կարծում եմ, այս առումով նոտարական համակարգը նույնպես պետք է ընդգրկված լինի մեկ պատուհանի սկզբունքով մատուցվող հանրային ծառայությունների ցուցակում»:
Հ. Մանուկյանը սեմինարի մասնակիցներին ասաց, որ այսօր Հայաստանի արդարադատության նախարարությունը մշակում է նոտարիատի բարեփոխումների հայեցակարգ: Այս գործընթացում համագործակցում են օտարերկրյա գործընկերների հետ:
«Քննարկումներ, խորհրդակցություններ, փորձագիտական մակարդակով հանդիպումներ ենք ունենում, որոնց ընթացքում էլ ավելի է բարելավվում հայեցակարգի որակը: Մենք շատ շուտով կունենաք հայեցակարգային մակարդակով մեզ համար ընդունելի լուծումներ, որից հետո ձեռնամուխ կլինենք օրենքների փոփոխություններին, համապատասխան նախագծերի նախապատրաստական աշխատանքներին»,- ասաց նախարարը:
Հ. Մանուկյանը նաև ներկաներին հրավիրեց այսօր կայանալիք Նոտարական պալատի նոր գրասենյակի հանդիսավոր բացման արարողությանը:
«Նոտարական պալատն էական դերակատարություն ունի այս համակարգի արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից: Պալատի կողմից վերահսկողությունը նպաստելու է նաև յուրաքնաչյուր նոտարի ավելի պատասխանատու կերպար ձևավորելու խնդրին»,- ասաց Հ. Մանուկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ