«Դ!ԵՄ ԵՄ»-ն ակցիա է անում՝ պահանջելով կատարել վարչապետի հանձնարարականը
Ֆինանսների նախարարության շենքի դիմաց «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունն ակցիա է անցկացնում՝ պահանջելով պետական բուհերում և մասնավոր հատվածում աշխատանքը համատեղող դասախոսների սոցիալական վճարների խնդիրը լուծել, կատարել այս հարցում վարչապետի տված հանձնարարականը: Նրանք ցականում են նամակ հանձնել ֆինանսների նախարարին:
Հիշեցնենք, որ դասախոսները, ովքեր համատեղում են աշխատանքը պետական և ոչ պետական բուհերում, դիմել էին վարչապետին՝ մտահոգություն հայտնելով երկու աշխատավայրերից սոցվճարներ իրականացնելու պարտավորության վերաբերյալ։ Վարչապետը հանձնարարել էր ֆինանսների նախարարությանն ուսումնասիրել տվյալ հարցը և ներկայացնել համապատասխան իրավական ակտի հաստատման մասին առաջարկություն։ Կառավարության ղեկավարը նաև հանձնարարել էր փոփոխություններ կատարել հարկային մարմնի տեղեկատվական համակարգում, ինչը թույլ կտա հայտ ներկայացնել այն մարդկանց սոցվճարների կատարումը մերժելու մասին, ովքեր համատեղության սկզբունքով աշխատում են նաև պետբուհերում, և պետական բուհը նրանց հիմնական գործատուն չէ։
Ակցիայի մասնակիցներին ոստիկանները թույլ չէին տալիս մոտենալ ֆինանսների նախարարության շենքին այն պատճառաբանությամբ, թե կխոչընդոտի մարդկանց անցուդարձը:
Ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև վեճ բռնվեց: Ոստիկանները պահանջում են չխախտել հասարակական կարգը, այգում անցկացնել հավաքը: Ոստիկանների խոսքով, ակցիան իրազեկված չէ:
Նախորդող հրապարակումներ՝
«Դ!ԵՄ ԵՄ»-ը պահանջելու է համատեղությամբ աշխատող դասախոսների և գիտաշխատողների խնդրի լուծումը