ԱՊՀ և Մերձսևծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ղեկավարները՝ Մայր Աթոռում
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են այցելել Հայաստանում կայանալիք ԱՊՀ-ի պետական լրատվական գործակալությունների ղեկավարների խորհրդի նիստի և Մերձսևծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիայի խորհրդաժողովի մասնակիցները` ուղեկցությամբ «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանի:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է, որ Հյուրերին ընդունել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Հանդիպման ընթացքում Սրբազան Հայրը ողջունել է հյուրերի այցը համայն հայության հոգևոր կենտրոն և նրանց փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույններն ու օրհնությունը:
Բագրատ Սրբազանը կարևորել է նման խորհրդաժողովների անցկացումը, որոնք հնարավորություն են ընձեռում ոչ միայն ընդլայնելու լրատվական գործակալությունների միջև փոխհամագործակցությունը, այլև այս բարդ ու դժվարին ժամանակներում դառնալու խաղաղության տարածման յուրօրինակ քարոզիչներ:
«ԶԼՄ-ներում կա խորը հոգևոր շերտ, և այդ իմաստով նրանց առաքելությունն է նաև ճշմարտության քարոզչությունը, ճիշտ խոսքի փոխանցումը: Ձեր համագործակցությունը կարող է երաշխավորել աշխարհում խաղաղություն»,- նշել է Սրբազան Հայրն` ընդգծելով, որ ԶԼՄ-ներն ունեն նաև աշխարհը բարեփոխելու կարևոր առաքելություն:
Հյուրերը Մայր Աթոռում այցելել են նաև Մայր Տաճարի թանգարան: