Այսօր գրեթե բոլոր հեռուստաընկերությունները պատրաստ են անցնել թվային հեռարձակման. Գագիկ Բունիաթյան
Բնակչությանն օժանդակելու նպատակով Հայաստանում ընտրվել է հեռուստահեռարձակման թվայնացման շեշտված սոցիալական ուղղվածություն: Այս մասին այսօր թվային հեռարձակման ներդրման գործընթացին նվիրված միջոցառմանն ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Նրա խոսքերով` պետությունը նախատեսում է անապահով խավին տրամարդել թվային ընդունիչներ: Գ. Բեգլարյանն ասաց, որ դեռ հստակ չէ, թե քանի ընդունիչ կտրամադրեն, սակայն պետությունը հոգալու է բոլոր ծախսերը:
«Մենք հոգալու ենք անապահով խավի ծախսերը: Այն մարդիկ, ովքեր սոցիալապես վատ պայմաններում են ապրում, սակայն մեծ ցանկություն ունեն հեռուստացույց դիտել, ապա նրանք դրա հնարավորությունը կունենան»,- ասաց Գ.Բեգլարյանը:
Նա միաժամանակ նշեց, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում գրանցված է սոցիալապես անապահով 130 հազար մարդ: Սակայն նախարարը չի կարծում, որ այդքանն էլ կդիմեն:
«Մեր նախնական հաշվարկներով` 100 հազար մարդ էլ չի դիմի: Իսկ եթե դիմեն, ապա բոլորին էլ կօգնենք»,- ընդգծեց ՏԿ նախարարը:
Հարցին, թե ինչ արժե թվային ընդունիչը, Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) փակ բաժնետիրական ընկերության ղեկավար Գրիգոր Ամարյանն ասաց, որ գները տատանվում են 20-100 դոլարի սահմաններում:
Ինչ վերաբերում է հեռուստաընկերություններին, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը նշեց, որ այսօր գրեթե բոլոր հեռուստաընկերությունները պատրաստ են անցնել թվային հեռարձակման:
«Հույս ունեմ, որ մեր աշխատանքը հաջողությամբ կավարտենք»,- ասաց նա:
Հարցին, թե թվայնացման գործընթացը լրացուցիչ ֆինանսական բեռ չէ հատկապես մարզային հեռուստաընկերությունների համար, Գրիգոր Ամարյանն ասաց, որ անալոգից թվայինի անցնելու ծախսերը կազմելու են 1000-1500 դոլար:
«Այսինքն` հեռուստաընկերությունները էական վերազինման անհրաժեշտություն չունեն և կարող են այդ ծախսերը հոգալ»,- ընդգծեց Գ.Ամարյանը:
Նշենք, որ Երևանում և մերձակա բնակավայրերում նախատեսվել և իրականացվում է թվային 18, իսկ մարզերում՝ 9 հեռուստածրագրերի անվճար հեռարձակում: Այսպիսով, մայրաքաղաքի բնակիչների համար սոցիալական փաթեթում ընդգրկված են ներկայումս հեռարձակվող բոլոր հեռուստածրագրերը՝ առանց բացառության, իսկ մարզային բնակավայրերում անվճար հեռարձակվող ծրագրերի միջին թիվը, ըստ նախատեսվածի՝ կրկնապատկվելու է:
Նախորդող հրապարակում`
Իրականացվեց փորձնական թվային ազդանշանի հեռարձակումը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին