Արցախի նախագահի ուղերձը՝ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ
Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է ԼՂՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Նախագահը շնորհավորել է ծառայության անձնակազմին մասնագիտական տոնի առթիվ և զինվորական կոչում շնորհել ու արժեքավոր նվերներ հանձնել համակարգի մի խումբ աշխատակիցների:
Բակո Սահակյանի ուղերձում ասված է.
«Ազգային անվտանգության ծառայության հարգելի աշխատակիցներ և վետերաններ,
Արցախի իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Ձեր ծառայությունը չափազանց կարևոր է մեր պետության ու ժողովրդի անվտանգության ապահովման տեսանկյունից: Սա բարդ ու դժվարին աշխատանք է, որի հաջող ու արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է քաղաքացիական պարտքի ու պատասխանատվության բարձր զգացում, մասնագիտական պատրաստվածություն, հայրենասիրություն ու անձնվիրություն:
Վստահ եմ, որ այսուհետ էլ համակարգի աշխատակիցները կանեն հնարավորն իրենց պարտականությունները պատշաճ մակարդակով իրականացնելու համար: Պետությունն էլ իր հերթին կշարունակի ուշադրության կենտրոնում պահել ձեր աշխատանքային և սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հետ կապված հարցերը:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք ձեզ և ձեր ընտանիքներին»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին