2014 թվականը կարելի է համարել ամենաբարդ տարին՝ բարեփոխումների իրականացման առումով. Արտեմ Ասատրյան
2014 թվականը կարելի է համարել ամենաբեկումնային տարին արդյունավետ սոցիալական համակարգերի ստեղծման, և ամենաբարդ տարին՝ բարեփոխումների իրականացման առումով: Այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«2014 թ-ը սոցիալական ոլորտի տարբեր ճյուղերում բարեփոխումների մեկնարկի տարի էր, որոնք ուղեկցվեցին լարված բանավեճերով, բազմաբնույթ առաջարկներով և անհրաժեշտ հրատապ փոփոխություններով»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ այս առումով իր ղեկավարած ոլորտի կարևորագույն ձեռքբերումը համարում է այն, որ բոլոր դեպքերում հանրային պահանջը հաշվի առնելու և բաց քննարկումների արդյունքում հնարավոր եղավ գտնել համապատասխան լուծումներ, որոնք պահպանելով նախանշված քաղաքականության սկզբունքային ուղղությունները, միևնույն ժամանակ, ներառվեցին բարեփոխումների ընդդիմախոսների հիմնական պահանջները:
«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքը, Ա.Ասատրյանի հավաստմամբ, 2014 թվականի բարդ նախաձեռնություններից մեկն էր, որն իր մեջ պարունակում էր խնդրահարույց կետեր:
«Սակայն հաշվի առնելով տարբեր շահագրգիռ կողմերի առաջարկությունները, քննարկման արդյունքում հնարավոր եղավ վերջնական փոփոխություններ կատարել բոլորի համար բավականին ընդունելի տարբերակով: Խնդիրը ստացավ իր նպատակային լուծումը, իսկ մյուս կողմից հնարավոր եղավ պահպանել նաև առաջարկվող նոր քաղաքականությունը. փոփոխության լավագույն մասը՝ հղիության և ծննդաբերության նպաստ հատկացնել նաև չաշխատող կանանց»,- ընդգծեց Ա.Ասատրյանը:
Արդյունքում, ըստ նրա, տեղի ունեցավ պետական միջոցների բաշխման հասցեականության բարձրացում՝ լրացուցիչ ընդգրկելով ևս մոտ 30 հազար չաշխատող կանանց, բայց ոչ՝ աշխատողների հատկացումները նվազեցնելու հաշվին:
Ինչ վերաբերում է Կենսաթոշակային բարեփոխումների, նախարարն ասաց, թե տարին այս ոլորտում կարելի էր համար երկխոսության տարի: