Ամանորյա անակնկալ՝ դատապարտյալ անձանց անչափահաս երեխաների համար
ՀՀ արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ը, Ամանորին և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ, դեկտեմբերի 27-ին ամանորյա անակնկալ էր կազմակերպել դատապարտյալ անձանց անչափահաս երեխաների համար: Այս մասին հայտնում է ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Կենտրոնը նախաձեռնել էր ամանորյա ներկայացման դիտում, որից անմիջապես հետո երեխաները նվերներ են ստացել: Այս նախաձեռնությանն աջակցել էին ՅՈՒՆԻՍԵՖ (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) հայաստանյան ներկայացուցչությունը, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարությունը:
ՀՀ արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Հովակիմյանը նշել է, որ ծրագրի նպատակներից մեկն այն է, որ ոչ մի երեխա չմնա առանց ամանորյա նվերի միայն այն պատճառով, որ ծնողը ազատազրկման վայրում է գտնվում:
«Իհարկե, մենք չենք կարող ամբողջապես լրացնել ծնողի բացակայությունը երեխաների կյանքում, սակայն այս ուշադրությունը պետության կողմից շատ կարևոր է, որպեսզի երեխաները, և նրանց ծնողները զգան, որ իրենց երեխաները հասարակության և պետության կողմից մերժված ու միայնակ չեն»,- ասել Գայանե Հովակիմյանը:
Հովակիմյանի խոսքով՝ կենտրոնը նպատակ ունի նաև իր գործունեության շրջանակը մեծացնել հեռավոր մարզերում գտնվող դատապարտյալների ընտանիքների հետ աշխատելու համար:
«Այս երեխաները մեր շահառուներն են: Մենք աշխատում ենք ոչ միայն այս երեխաների , այլ նաև նրանց ընտանիքների հետ: Հաճախ խորհրդատվություն ենք տրամադրում երեխաներին՝ տարաբնույթ հարցերի շուրջ, մինչև որ նրանց բացակա հայրը կամ մայրը կվերադառնան»,-ավելացրել է կենտրոնի տնօրենը:
Այսօրինակ միջոցառումները տարեցտարի հավակնում են ավանդույթի ուժ ձեռք բերել:
«Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոնը», Արդարադատության նախարարության և միջազգային շահագրգիռ կառույցների օժանդակությամբ, շարունակելու է դատապարտված անձանց և նրանց ընտանիքների աջակցությանն ուղղված միջոցառումների շարքը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին