«Փերինչեք v. Շվեյցարիա» գործով հօգուտ հայկական կողմի հանդես կգան թուրքական իրավապաշտպան կազմակերպություններ
Հունվարի 28-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) «Փերինչեք v. Շվեյցարիա» գործի շրջանակում հօգուտ հայկական կողմի ներկա են գտնվելու Թուրքիայում գործող երկու իրավապաշտպան կազմակերպությունների` «Մարդու իրավունքների ասոցացիայի» և «Ճշմարտություն արդարություն հիշողության կենտրոնի», ինչպես նաև Տորոնտոյի` Ցեղասպանության և մարդու իրավունքների ուսումնասիրության միջազգային ինստիտուտի ներկայացուցիչները:
Asbarez.com-ը հայտնում է` «Մարդու իրավունքների ասոցացիան» 2014 թվականին նամակ էր ուղարել Շվեյցարիայի արդարադատության դաշնային գրասենյակին` ցույց տալով, որ Հայոց ցեղասպանության ժխտումը թշնամանք է հրահրում հայերի նկատմամբ, այդ նպատակով կոչ է անում Շվեյցարիային բողոքարկել ՄԻԵԴ որոշումը:
Թուրքական իրավապաշտպան կազմակերպություններն ու Ցեղասպանության և մարդու իրավունքների ուսումնասիրության միջազգային ինստիտուտը ՄԻԵԴ-ում որպես երրորդ կողմ ներկայանալու հայտ ներկայացրել էին 2014 թվականի հուլիսին, ինչը հաստատել էր դատարանը:
«Փաստաթղթում մենք բացատրել ենք, որ Հայոց ցեղասպանության ժխտումը Թուրքիայում հրահրում է էթնիկ ատելություն և խրախուսում հակահայկական տարրերին: Փերինչեքի հայտարարությունները ռասիզմ և խտրականություն են հրահրում»,-նշվում է կազմակերպությունների հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի շահերը կներկայացնի հայտնի իրավաբան, Ջուլիան Ասանժի ու Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի փաստաբան, դերասան Ջորջ Քլունիի կինը` Ամալ Ռամզի Ալամուդին-Քլունին, Գևորգ Կոստանյանը և Էմիլ Բաբայանը:
Բանն այն է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2008 թվականին բավարարել էր Շվեյցարիայի դեմ Թուրքիայի Աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքի ներկայացրած հայտը, ով 2005 թվականին Շվեյցարիայում հայտարարել էր, որ «Հայոց ցեղասպանության մասին պնդումները միջազգային հանրության կողմից տարածվող կեղծիքներ են», ինչի համար դատապարտվել էր: Սակայն 2013 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ի յոթ դատավորներից հինգը գտավ, որ Շվեյցարիան խախտել է Փերինչեքի ազատ արտահայտվելու իրավունքը:
Սա անընդունելի երկակի ստանդարտների կիրառում է, երբ դատարանը Հոլոքոստի ժխտումը հանցագործություն է որակում, իսկ Հայոց ցեղասպանությունը` ոչ: 2014 թվականի մարտի 17-ին Շվեյցարիայի իշխանությունները որոշեցին բողոքարկել դեկտեմբերի 17-ի որոշումը` իրենց իրավական համակարգը պաշտպանելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ