«Հենց հայերի շնորհակալությունն ու սերն է ինձ դարձրել այսքան զգայուն». Պասկալևա
Հայոց բանակի 23-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը բուլղարացի լրագրող, ռեժիսոր Ցվետլանա Պասկալևային պարգևատրեց «Երախտագիտության» մեդալով:
Նախագահական նստավայրում պարգևատրման արարողության ընթացքում Պասկալևան, դիմելով ներկաներին, ընդգծեց, որ արարողությանը ներկա բոլոր զինվորականների հետ միասին նույն ճանապարհն է անցել, որը թեև լի էր կորուստներով և դժվարություններով, սակայն, վերջնական արդյունքում, այն պսակվել է հաղթանակով:
«Մենք ընդհանուր հիշողություն և ընդհանուր պատասխանատվություն ունենք: Մեր կորցրած ընկերների առջև մենք միշտ խոնարհում ենք մեր գլուխները և պատասխանատու ենք մեզ հասածի համար: Մենք այս հաղթանակին հասել ենք հայորդիների արյան և հայ մայրերի արցունքների գնով: Այն մերն է: Եվ հիմա այստեղ՝ Հայաստանում, Ղարաբաղում, արտերկրում, մենք պատասխանատու ենք պահպանելու այդ սահմանները»,- նշեց Ցվետլանա Պասկալևան:
Նա, դիմելով զինվորներին, ովքեր այսօր սահմանին են` կոչ արեց լինել համարձակ և պատվով պահել այդ սահմանները:
«Պաշտպանեք ձեզ վստահված սահմանները հանուն ձեր հայրենիքի, հանուն ձեր ծնողների: Հարգելի՛ ծնողներ, կորուստը մեծ է, և այդ վերքերին բուժում չկա, սակայն այսօրվա զինվորները ընդհանուր հաղթանակի մի մասնիկն են: Համարեք, որ պատերազմի ընթացքում ընկած բոլոր տղաների ստվերները ձեզ հետ են, մեզ հետ են: Նրանք միշտ կլինեն մեզ հետ: Նրանք մեզ ուժ են տալու, որպեսզի մենք կարողանանք մինչև վերջ կանգուն մնալ, մինչև Արցախի հողի ամբողջական ու լիարժեք խաղաղությունը: Ես համոզված եմ, որ մենք կհասնենք այդ օրվան: Ես գիտեմ, որ դա լինելու է շուտով: Մենք պետք է հավատանք և քայլեր ձեռնարկենք այդ ուղղությամբ: Թող հայ ժողովուրդը լինի ուժեղ և խիզախ, թող ծաղկի հայ հասարակությունը և պետությունը: Ես միշտ լինելու եմ ձեզ հետ, քանի որ հենց հայերի շնորհակալությունն ու սերն է ինձ դարձրել այսքան զգայուն հայ ժողովրդի ցավի նկատմամբ: Ես այսօր շնորհակալ եմ ձեզ ձեր հոգատարության համար: Այն ինձ ուժ է տալու ձեզ հետ ձեր վիշտը և ուրախությունը կիսելու համար»,- ընդգծեց Պասկալևան:
Այնուհետև դիմելով բոլոր զոհված զինծառայողների ծնողներին` ասաց. «Սիրելի ծնողներ, խոնարհվում եմ ձեր առաջ, ներեցեք, որ մենք կորցրեցինք ձեր զավակներին: Սակայն նրանք միշտ կմնան փառավոր հերոսների շարքերում, նրանք մեր հերոսներն են»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին