«Ադրբեջանցի գիտնականները փորձում են ապացուցել, որ իրենք տեղաբնիկներ են». հայագետ
«Այս աշխատությունը՝ «16-րդ դարի չորս նորահայտ ձեռագիր ավետարաններ և 17-18-դարերի յոթ արծաթյան կազմեր»-ը, նվիրված է հայ տպագրության 500-ամյակին և Երևան քաղաքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հայագետ, նախիջևանագետ Արգամ Այվազյանը:
Հայագետը նշեց, որ այս հավաքածուի նյութերը առկա են Հունաստանում՝ Գալֆայանների մասնավոր հավաքածուում: Աշխատության մեջ առդիր հրապարակվել է 650-ից ավելի գունավոր լուսանկար: Հեղինակն ասաց, որ աշխատությունը տպագրվել է իր և Նարեկ Սարգսյանի միջոցներով:
Արգամ Այվազյանը լրագրողներին ներկայացրեց նաև «Անատոլի Յակոբսոն, նամականի» աշխատությունը, որը նա կազմել է Սեդա Գասարջյանի, Նոնա Մանասերյանի և Մարիամ Բաբիկյանի հետ համատեղ: Նամականիում հրատարակվել է ճանաչված ռուս հայագետ Յակոբսոնի և նրան ուղղված ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն ավելի քան 260 նամակները, որոնք, ըստ Այվազյանի, կարևոր են նրա թողած գիտական ժառանգության ուսումնասիրման համար:
Այվազյանը նկատեց, որ «16-րդ դարի չորս նորահայտ ձեռագիր ավետարաններ և 17-18-դարերի յոթ արծաթյան կազմեր»-ում տեղ գտած նյութերը հայոց ցեղասպանությունից փրկված, աշխարհի տարբեր ծագերում հայտնված մասունքներ են: Հայագետը տեղեկացրեց, որ Գալֆայան հավաքածուն նոր նյութերով է հարստացել, որոնք ևս ապագայում հանրությանը կներկայացվեն:
Խոսելով հայկական մշակույթի ադրբեջանական սխալ ներկայացման մասին՝ Այվազյանը նշեց, որ ադրբեջանցի մի հնագետ Գանձասարի հայկական եկեղեցին ներկայացնում է որպես աղվանական ծագման կառույց:
Ըստ հայագետի՝ նման մոտեցումը նրանց մոտ վաղուց է եղել: Հայագետն իր հոդվածներում անդրադարձել է ադրբեջանական կողմից հայկական մշակութային ժառանգության պատմության խեղաթյուրմանը: Ըստ նրա՝ ադրբեջանցի գիտնականները դեռ խորհրդային տարիներից փորձում են ապացուցել, որ իրենք տեղաբնիկներ են: Այվազյանը նկատեց, որ հայկական կողմը ոչ միշտ է կարողանում օտար լեզուներով ազգային արժեքները դրսում ներկայացնել: Նրա կարծիքով՝ հանրապետությունով մեկ գրախանութները, գրադարանները փակվում են մեծ մասամբ: Այվազյանը նկատեց, որ այստեղ իշխանությունները անելիքներ ունեն:
«Դուք լրագրողներ եք և գրում եք, բայց ասողին լսող է պետք: Սակայն դուք չպետք է հիասթափվեք, և պետք է շարունակեք գրել»,- ասաց հայագետը:
Նա նաև նշեց, որ անհրաժեշտ է հետևողական լինել, որովհետև ոլորտում բարձիթողի իրավիճակ է:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ