Սպանության գիշերը Նեմցովին ուղեկցած Դուրիցկայան վերադարձել է Ուկրաինա
Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության ժամանակ նրա կողքին եղած ուկրաինացի ֆոտոմոդել Աննա Դուրիցկայան մեկնել է Ուկրաինա, ծնողների մոտ: Այդ մասին Twitter-ի իր էջում առաջինը հայտնել է Ուկրաինայի պաշտոնական ներկայացուցիչ Եվգենի Պերեբիյնիսը:
«Աննա Դուրիցկայան քիչ առաջ մեկնել է Կիև: Մոսկվայում ուկրաինացի դիվանագետները մեր երկրի քաղաքացուն ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն՝ տուն վերադառնալու համար», -երեկ երեկոյան գրել է Պերեբիյնիսը, փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:
Նկատենք, որ երեկ «Դոժդ» ինտերնետային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Դուրիցկայան ասել էր, որ այս պահին ինքը ծանր վիճակում է և ցանկանում է մեկնել Ուկրաինա՝ մորը տեսնելու համար:
Հիշեցնենք՝ Բորիս Նեմցովը սպանվել էր փետրվարի 27-ի գիշերը Մոսկվայի կենտրոնում: Նրա ուղղությամբ արձակվել էր 6 փամփուշտ, սակայն նրանցից 4-ն էր վնասվածք հասցրել ընդդիմադիր քաղաքական գործչին: