Իմ չափն ես գիտեմ ինչքան է ու իմ արժանիքն էլ գիտեմ. Արծվիկ Մինասյանը` Հակոբ Հակոբյանին
«Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքների քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը նշեց, որ օրենքների ընդունումից հետո նախագահներին գրասենյակը, բնակարանը, ավտոմեքենան կտրամադրվի ցմահ, կենսաթոշակն էլ կլինի հատուկ:
«Ինչու հատուկ, քանի որ իրանք շատ հատուկ մարդիկ են»,- ասաց Հ.Հակոբյանը:
Պատգամավորը մեծ առաջընթաց համարեց այն, որ քաղաքական ուժերը սկսել են խոսել սահմանադրական բարեփոխումների արդյունքում ապագա նախագահի սոցիալական երաշխիքների մասին:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Հ. Հակոբյանին «հատուկ» հարց ուղղեց. «Եթե նախագահների կենսաթոշակը համարում եք հատուկ և դոշով էլ պաշտպանում եք, այո, դոշով, այս դեպքում դոշն է կարևոր, ապա այդ դեպքում ինչպե՞ս եք պարզելու՝ նախկին նախագահները նշանակվել են որևէ այլ տեղ աշխատանքի, վարձատրություն ստանում են, թե ոչ: Ինչո՞ւ եք նսեմացնում այս դիրքը: Օրինակ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեպքում դա ինչպե՞ս պետք է պարզեք, հարցում եք անելու Մոսկվա և պարզեք՝ այնտեղ որևէ աշխատանքի նշանակված է, թե ո՞չ: Հարցերն էլ պետք է տրամաբանական լինեն: Եթե խոսում ենք նախագահի ինստիտուտը պահելու մասին, ուրեմն արժանապատիվ համակարգ ներդնենք»:
Ա.Մինասյանն առաջարկում է նախագահների համար պատվովճար սահմանել, այլ ոչ թե կենսաթոշակ նշանակել:
«Էն կինոյի նման, որ ասում է` եկել եք էստեղ, մարդ եք զարմացնում»,- ասաց Ա.Մինասյանը:
Հակոբ Հակոբյանը ցավով արձանագրեց, որ Արծվիկ Մինասյանը չգիտի, որ արդեն երեք տարի է Հայաստանում թոշակառուների, նպաստառուների համար հարցումներ չեն կատարվում, թե դրսում նրանք ինչ են ստանում:
«Մենք նրանց վճարում ենք այն, ինչն իրենց հասնում է ՀՀ օրենքով: Այդ անձինք ՀՀ օրենքով սահմանված իրենց հասանելիքը ստանում են: Դուք ձեր չափով ուրիշներին մի չափեք, պարոն Մինասյան»,- դիմելով ՀՅԴ-ական պատգամավորին` ասաց Հ.Հակոբյանից:
Արծվիկ Մինասյանի արձագանքը չուշացավ. «Պարոն Հակոբյան, զարմանում եմ, որ դուք մինչև հիմա չգիտեք` օրենքով նախատեսված կարգով բարձր պաշտոն զբաղեցնող անձանց համար, մասնավորապես, դատավորների, զինվորականների համար կա սահմանափակում, նրանք այլ աշխատանք չեն կարող կատարել, բացի գիտականից ու ստեղծագործականից: Ցավում եմ, որ չեք տիրապետում, քանի որ այդ հարցումը կատարվում է: Իսկ իմ չափը ես գիտեմ ինչքան է ու իմ արժանիքն էլ գիտեմ, ի տարբերություն շատերի»:
Հ.Հակոբյանն էլ նշեց, որ ՀՀ նախագահի դեպքում կարիք չկա հարցնելու՝ նա աշխատում է, թե ոչ:
«Առանց հիմքի մենք վճարում ենք 70 տոկոսի չափով կենսաթոշակ»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ