Սոցիալական փաթեթի տրամադրման կարգում փոփոխություններ են կատարվել
ՀՀ պետական աշխատողներին հատկացվող սոցիալական փաթեթի տրամադրման կարգում փոփոխություններ են կատարվել. փոփոխությունները հիմնականում վերաբերում են անվճար բժշկական օգնությանն ու դրա սպասարկման կազմակերպմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպիպման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը` ներկայացնելով իրականացված փոփոխություններն ու ավելացված լրացուցիչ ծառայությունները:
Նրա խոսքերով` առողջապահական բաղադրիչի առումով երեք հիմնական փոփոխություն է կատարվել:
Ս.Ծատուրյանը նշեց, որ առաջին փոփոխության համաձայն` այսուհետ սոցիալական փաթեթի բոլոր շահառուներին տրամադրվելու է տարեկան բժշկական պարտադիր քննության փաթեթ: Սա նշանակում է, որ սոցիալական փաթեթից օգտվողները տարեկան գոնե մեկ անգամ պետք է որոշակի հետազոտություններ անցնեն իրենց սպասարկող ամբուլատոր պոլիկլինիկաներում: Այս փոփոխության նպատակն է, որպեսզի առկա խնդիրներն ավելի վաղ փուլում հայտնաբերվեն:
«Կանխարգելիչ բժշկական քննության այս բաղադրիչից օգտվելը շահառուների համար պարտադիր նախապայման է սոցիալական փաթեթում ընդգրկված ծառայություններից օգտվելու համար։ Ընդ որում՝ 2015 թվականին շահառուն այդ ծառայություններից կարող է օգտվել առանց նշված նախապայմանի»,- ասաց նա:
Նշենք, որ 2015 թվականին շահառուն այդ ծառայություններից կարող է օգտվել առանց նշված նախապայմանի, իսկ 2015 թվականի ընթացքում պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն անցնելը կակտիվացնի սոցիալական փաթեթի 2016 թվականի ծառայությունները: 2016 թվականից սկսած` պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն անցնելն ակտիվացնում է սոցիալական փաթեթի ծառայությունները տվյալ և հաջորդ տարվա համար։
Ինչ վերաբերում է երկրորդ փոփոխությանը, այսուհետ սոցփաթեթով հնարավոր է բժշկական ցուցումների առկայության դեպքում արտահիվանդանոցային պայմաններում օգտվել հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններից: Այսինքն` եթե նախկինում անվճար մատուցվում էր միայն հիվանդանոցային բուժօգնություն, ապա այժմ որոշակի թանկարժեք և դժվարամատչելի հետազոտությունների իրականացում ևս հնարավոր կլինի:
Իսկ երրորդ փոփոխությունն այն է, որ հնարավորություն է տրվում սոցիալական փաթեթի մնացած գումարներն ուղղել իր ընտանիքի անդամներից մեկի համար բժշկական ապահովագրության ձեռքբերմանը:
«Այսպիսով հնարավորություն է ընձեռնվել սոցիալական փաթեթի տարեկան 72 000 դրամ գումարներն ուղղել ապահովագրական ընկերությունների միջոցով սոցփաթեթի շահառուի կամ սոցփաթեթի շահառուի ընտանիքի անդամի համար առողջապահական լրացուցիչ ծառայությունների ձեռքբերմանը»,- ասաց Ս.Ծատուրյանը:
Նա նաև հայտնեց, որ սոցփաթեթի մոտ իննսուն հազար շահառուների՝ հիմնականում պետական ծառայողների և մանկավարժների հետազոտությունների և բուժման համար 2015 թվականին ՀՀ պետական բյուջեով նախատեսված է 3,3 միլիարդ դրամ, որից շուրջ 700 միլիոնը՝ տարեկան պարտադիր կանխարգելիչ բժշկության քննության համար:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ