Ամերիաբանկ-ՍԱՍ համատեղ քարտ. երկու հնարավորություն մեկում
Ամերիաբանկը և ՍԱՍ Գրուպը 2015թ. մարտի 30-ից թողարկում են համատեղ քարտ, որը հնարավորություն կտա ՍԱՍ սուպերմարկետների հաճախորդներին մեկ քարտով ունենալ միաժամանակ և' վարկային, և' կուտակային քարտ: Այս մասին հայտնում են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ամերիաբանկ-ՍԱՍ քարտապանները կարող են օգտագործել համատեղ քարտը ինչպես SAS սուպերմարկետներում, այնպես էլ NEXT, DEBENHAMS, ALDO և BALDI խանութներում` միաժամանակ կուտակելով միավորներ տվյալ խանութներում գնումներ կատարելիս: Քարտապանները կարող են օգտվել նաև Ամերիաբանկի տրամադրած վարկային գծից` մինչև 51 օր առանց տոկոսադրույքի վճարման արտոնյալ ժամանակահատվածով, ինչպես նաև տեղեկանալ վերոնշյալ խանութներում գործող զեղչերի մասին` դրանց համընդհանուր հայտարարումից մեկ օր առաջ:
Արդեն իսկ SAS ClubCard քարտապաններն Ամերիաբանկի վարկային գիծը կարող են ստանալ պարզեցված ընթացակարգով:
Ամերիաբանկ-ՍԱՍ համատեղ քարտ ստանալ ցանկացողները կարող են հայտ ներկայացնել SAS սուպերմարկետում, NEXT, DEBENHAMS, ALDO և BALDI խանութներում, Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում և ցանկացած մասնաճյուղում, ինչպես նաև առցանց՝ www.ameriabank.am և www.sas.am կայքերի միջոցով: