Վրաստանը պատրաստ է ապաստան տրամադրել Սիրիայի քրիստոնյա ասորիներին
Սիրիայի քրիստոնյա ասորիներին ապաստան տրամադրելու հարցը քննարկել են Վրաստանի սփյուռքի հարցերով նախարար Գելա Դումբաձեն և Վրաստանի Միջազգային ասորական ազգային կոնգրեսի նախագահ Դավիդ Ադամովը: Լուրը հայտնում է «Ռիա Նովոստին»՝ հղում անելով «Նովոստի Գրուզիային»:
Այն բանից հետո, երբ «Իսլամական պետություն» խմբավորումը գրավել է Իրաքի հյուսիսի մի մասը, 2014-ի ամռանը ավելի քան 1,8 մլն իրաքցիներ, որոնցից շատերը քրիստոնյաներ են, փախստականներ են դարձել: Ավելի ուշ խմբավորման գործողությունները տարածվել են դեպի Իրաքի հյուսիս-արևելք: Ասորական համայնքի ներկայացուցիչների տվյալներով՝ ավելի քան 200 ասորի է առևանգվել:
«Նրանք սպասում են հայտարարության, որ Վրաստանը պատրաստ է ընդունել ասորիների մի մասին, գոնե երեխաներին: Հայր Սաֆարիմը, ով ներկա է եղել հանդիպմանը, հայտարարել է, որ իրենց է դիմել արդեն 500 վրացի ընտանիք, որոնք պատրաստ են որդեգրել ասորի երեխաներին»,- ասել է Դումբաձեն՝ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում:
Ամադովի խոսքերով՝ նախատեսվում է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը կքննարկի քրիստոնյա ասորիների բնակեցման հարցը Վրաստանում: Բացի դրանից, վրացական կողմը նաև քննարկում է ասորի երեխաների՝ Վրաստանում հանգստանալու հնարավորություն տրամադրելու հարցը:
«Իսլամական պետություն» խմբավորման հարձակումը Իրաքի և Սիրիայի վրա դարձել է աշխարհում գլխավոր խնդիրներից մեկը: Խմբավորման զինված գործողությունների հետևանքով մի քանի հազար խաղաղ բնակիչ է զոհվել, հարյուր հազարավորները դարձել են փախստականներ, իսկ հազարավոր մարդկանց էլ խմբավորումը պատանդ է վերցրել:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին