Թեև թուրքական պատվիրակություններն ամենուր են, բայց չեն կարողանում խանգարել. Վ. Սարգսյան
«Երկար ժամանակ է լսել ենք ամերիկյան կողմից, որ պետությունը ներկայացված է լինելու նախագահի կողմից նշանակված պատվիրակությամբ: Իրենց նախագահի ընտրությունն է: Պատվիրակության ղեկավարը շատ բարձր դիրք ունի իրենց երկրում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը:
Պատասխանելով հարցին, թե Թուրքիայի պատվիրակությունն այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում, արդյո՞ք չի վկայում թուրքական դիվանագիտության լավ աշխատանքի մասին, նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ շատ է հնչում այն տեսակետները, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «ցեղասպանություն» բառը չի օգտագործելու, Վ. Սարգսյանն ասաց. «Ոչ մի նոր բան չեմ տեսնում, թուրքական պատվիրակություններն ամենուր են՝ Ավստրիայում, Գերմանիայում, բայց դա չխանգարեց Չիլիի ներկայացուցիչների պալատին, Եվրախորհրդարանին ընդունել բանաձև, Ավստրիայի խորհրդարանի այսօրվա քայլին»:
Ինչ վերաբերում է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի վերջին հայտարարությանը, Վ. Սարգսյանն ասաց, որ ոչ մի նոր բան չի տեսնում, նույն ժխտողականությունն է, իրերը քողարկելու նույն քաղաքականությունն է:
«Զոհն ու դահիճը դրվում է նույն հարթակի վրա, տպավորություն է, թե եղել է պատերազմ, զոհեր, ցավում են զոհերի համար»,- նշեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը:
Նախորդող հրապարակումներ`
Հայ դատը «խայտառակություն» է որակում Հայոց Ցեղասպանությունը չճանաչելու Օբամայի որոշումը
Օբաման հայտարարել է ՀՀ ուղևորվող նախագահական պատվիրակության կազմը