Գալիպոլին այնպես տապալվեց, որ շփոթված ուղիղ եթերում ցուցադրեցին ոչ թե Գալիպոլին, այլ Ծիծեռնակաբերդի միջոցառումը. Է.Շարմազանով
«Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց մենք աշխարհին ներկայանում ենք ուժեղ, անկախ, ինքնիշխան հայոց պետականությամբ և Հայաստանի Հանրապետություն, Սփյուռք ու Արցախի հանրապետություն միասնությամբ»,- այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքերով՝ սա է գլխավոր խորհուրդը, որ կարող ենք արձանագրել Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց:
«Ավելին մենք ցույց տվեցինք, որ ոչ միայն մեր արդար դատի պահանջատերն ենք, այլ նաև Հայաստանը կարող է առաջնորդել մարդկության դեմ իրականացված ամենածանր հանցագործության՝ ցեղասպանության դեմ միջազգային պայքարը, և այդ առաքելությունն այլևս Հայաստանի Հանրապետությունը և հայությունը վերցրել է»,- ընդգծեց Է.Շարմաազանովը՝ հավելելով, որ վերջին զարգացումները հենց դրա մասին էին խոսում:
ԱԺ փոխխոսնակը նշեց, որ Թուրքիայում ոչ ադեկվատ ընդունվեցին թե Հայաստանում կազմակերպված ցեղասպանության միջոցառումները, թե գործընկերներ երկրներից հնչած գնահատականները: Նա հիշեցրեց, որ Թուրքիայի ԱԳՆ-ն սկսեց քննադատել ՌԴ-ին, Ավստրիային ու մյուս երկրներին:
«Սա խոսում էր մի կարևորագույն փաստի մասին՝ թուրքերի ծրագիրը տապալվել էր, Գալիպոլին տապալվեց և այնպես տապալվեց, որ նրանք շփոթված ուղիղ եթերում ցուցադրեցին ոչ թե Գալիպոլին, այլ Ծիծեռնակաբերդի միջոցառումը»,- ասաց Շարմազանովը և ավելացրեց. «Նրանք այնպես տապալվեցին, որ կոչ էին անում Օլանդին և Պուտինին օբյեկտիվություն պահպանել Լեռնային Ղարաբաղի հարցում և մտահոգված էին, որ Մինսկի խմբի համանախագահ երկու երկրների նախագահները գտնվում էին Երևանում: Մեկը լինի, հարց տա՝ դուք ի՞նչ գործ ունեք Մինսկի խմբի համանախագահության հետ»:
Է.Շարմազանովի խոսքերով՝ ԼՂՀ-ն կայացած ժողովրդավար երկիր է, ինչում միջազգային դիտորդները կհամոզվեն մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
«Համոզված եմ, որ բոլոր միջազգային դիտորդների հետ մեկ անգամ ևս կփաստենք, որ Արցախը այլևս անկախ, ազատ, ժողովրդավարական հանրապետություն է: Եվ սա այն դեպքն է, երբ Հայկը չի կարող պարտվել Բելին, Հայկը միշտ հաղթելու է Բելին»,- եզրափակեց Է.Շարմազանովը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ