Անմեղ նահատակների հիշատակը հարգելով` պետք է հզորացնենք մեր պետությունը. Ստեփան Դեմիրճյան
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ցույց տվեց, որ աշխարհով մեկ սփռված հայությունը 1915 թ. մեծագույն ողբերգությունից 100 տարի անց շարունակում է պայքարել հանուն պատմական արդարության հաղթանակի և այդ պայքարում հայ ժողովուրդը միայնակ չէ»,- ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը:
«Այսօր մենք պետք է արժանին մատուցենք բոլոր այն անհատներին և կազմակերպություններին, որոնք իրենց գործունեությամբ նպաստել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը և արձանագրենք այդ ուղղությամբ առկա առաջընթացը»,- ասաց նա՝ հավելելով, որ այս օրերին շատ է խոսվում, թե որն է լինելու մեր հետագա անելիքը:
«Կարծում եմ ակնհայտ է, որ թե մեր անմեղ նահատակների հիշատակը հարգելու, թե մեր ազգային նպատակներն ու իղձերը իրականացնելու, թե մեր ժողովրդի հուսալի ապագան երաշխավորելու համար պետք է հզորացնենք մեր պետությունը, ամրապնդենք պետականությունը, Հայաստանը դարձնենք զարգացած, մրցունակ, ժողովրդավարական երկիր, որը պայմաններ կստեղծի իր քաղաքացիների արժանապատիվ կյանքի համար»,- նշեց Ս.Դեմիրճյանը՝ միաժամանակ հավելելով, որ իշխանությունը յուրացնելով և երկրի հարստությունը մի խումբ մարդկանց ձեռքում կենտրոնացնելով պետություն չեն կառուցում:
«Երկրում օրինականության և արդարության հաստատում, կոռուպցիայի դեմ իրական պայքարի ծավալում և անպատժելիության վերացում, տնտեսության առողջացում և աշխատատեղերի ստեղծում, աղքատության հաղթահարում, արտագաղթի կասեցում։ Սրանք են այսօրվա առաջնահերթ խնդիրները։ Եվ այս խնդիրների լուծման համար ամենևին անհրաժեշտ չէ Սահմանադրությունը փոխել։ Ընդամենը պետք է Սահմանադրությանը համաձայն` ազատ և արդար ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորել։ Դա է երկրի բնականոն զարգացման նախապայմանը»,- ասաց Ս.Դեմիրճյանը:
Ըստ պատգամավորի՝ երկրին անհրաժեշտ են իրական, արմատական փոփոխություններ, այնպիսի փոփոխություններ, որոնք կվերականգնեն մարդկանց հավատը մեր պետության և վաղվա օրվա նկատմամբ, առանց որի հնարավոր չէ ապահովել երկրի առաջընթացը։
«Պետք է ճիշտ նպատակաուղղել ժողովրդին և պայմաններ ստեղծել նրա ներուժի լիարժեք դրսևորման համար։ Հապաղել չի կարելի։ Առանց այդ էլ ժամանակ շատ ենք կորցրել»,- նշեց Ս.Դեմիրճյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր