«Ունիսոն» ՀԿ. Պետության կողմից տրամադրվող սայլակների որակն ահավոր է
Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդիկ ավելի շատ խնդիրների են հանդիպում ոչ թե ռեսուրսների պակասի պատճառով, այլ կարծրացած մտածելակերպի առկայության, որից մինչև այժմ մարդիկ չեն կարողանում ձերբազատվել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը:
Մայիսի 5-ը` Հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների համար պայքարի միջազգային օրն է կամ Հաշմանդամների անկախ կյանքի եվրոպական օրը:
«Մեր բոլորի գործունեության նպատակն այն է, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ կարողանան ապրել ազատ, անկախ, ինքնուրույն, արժանապատիվ կյանքով»,- ասաց Ա. Ալավերդյանը:
Նա նշեց, որ հաշմանդամություն ունեցող անձիք ունեն մեծ ներուժ, որը շատ քիչ է օգտագործվում մեր երկրում: Ա. Ալավերդյանի խոսքով, վերջին տարիներին հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքներ են տանում, թեև դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ:
«Ունիսոն» ՀԿ հանրային կապերի ղեկավար Մարիաննա Չալիկյանն էլ խոսելով աշխատանքի մասին, նշեց, որ դրական տենդենց նկատվում է. «Գրեթե ամեն օր գրանցամատյանում փոխում եմ՝ աշխատանք փնտրողից դարձնում եմ աշխատող»:
«Դրական զարգացումներ կան, ուղղակի բյուրոկրատական քաշքշուկն ահավոր շատ է. պետությունն օգնում է, բայց շատ թղթեր են պահանջում»,- ասաց Ա. Ալավերդյանը:
Հաշմանդամություն ունեցող անձանց պետության կողմից տրվող օգնությանը՝ սայլակների, լսողական ապարատների մասին խոսելիս, նա անդրադարձավ չինական արտադրության սայլակներին. «Կա որակի և ժամկետների խնդիր: Երեք տարին մեկ անգամ սայլակ են տրամադրում: Հենց այս պահին չկան սայլակներ, գնումների ընթացակարգի հետ կապված խնդիր կա: Որակն էլ ահավոր է: Ես մի անգամ քիչ էր մնում մեծ վնասվածք ստանայի, քանի որ կոտրվեց»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին