Շատ ավելի վատ է լեզվավաճառությունը, քան մարմնավաճառությունը. Վարդան Այվազյան
«Հեչ մի անհանգստացեք, հերթով կասեմ…երկար լսում էի, ամեն ինչի մասին խոսում ենք, բայց շատ քիչ օրենքի մասին, մարդիկ խեղաթյուրում են ամբողջ օրենսդրական փաթեթի իմաստը, չեն ասում՝ ինչի մասին է այս օրենքը, որ ժամերով խոսում ենք»,- այսօր Ազգային ժողովում ներկայացնելով «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀԿ խմբակցության տեսակետն՝ ասաց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
Պատգամավորը հորդորեց պատգամավորներին չխեղաթուրել օրենքը:
«Որևէ մի խոպանչիկի չի վերաբերում այս օրենքը, ինչ ենք սկսել բառախաղերի հետևից ընկնել: Սա պարզապես ասում է՝ հարկային գործակալը, որը մարդկանց տանում է աշխատելու, այնտեղ փող մուծելու փոխարեն թող այստեղ փող մուծի, իջեցնում ենք տասներեք տոկոս, որ տարբերությունն էլ զրո տոկոս չլինի»,- ասաց Վ.Այվազյանը և ավելացրեց. «Շատ ավելի վատ է լեզվավաճառությունը, քան մարմնավաճառությունը: Դարձրեցիք ես ինչ գիտեմ ինչ, մարդն ասում է Ռուսաստանում կամ այլ երկրում տալու փոխարեն եկամտահարկը կվճարեմ իմ երկրում, այսինքն՝ հե՞չ ստանա այս երկիրը, թե՞ մի քիչ ստանա»:
Այնուհետև դիմելով ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանին, ով քննադատել էր օրենքը, Վ.Այվազյանն ասաց. «Պարոն Բագրատյան, բարի լինեիք, առավոտյան գայիք ու լսեիք, բարի եղեք կարդացեք օրենքը մինչև վերջ: Հերիք է մեզ խորհուրդ տաք»:
Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կոչ արեց Բագրատյանին չընդհատել ու լսել Այվազյանին:
«Պարոն Բագրատյան, երբ դուք խոսում էիք, ես Ձեզ շատ ուշադիր ռադիոյով լսում էի, բարի եղեք դուք էլ լսել: Ես չեմ տեսել մի կառավարություն, որը հրապարակավ հայտարարի ու ընդունեն նրա առաջարկը: Մարդկանց հիասթափեցնում եք ու ասում եք՝ այս երկիրը շանս չունի, ունի շանս, շանսերը խելամիտ օգտագործել է պետք, հիմա խելամիտ օրենք են բերել, քլունգն առել եք, ընկել եք հետևից»,- ասաց Վ.Այվազյանը:
Այնուհետև պատգամավորը շարունակեց. «Սիրելի քաղաքացիներ, սիրելի հասարակություն, սիրելի ռադիոլսողներ, սիրելի գործընկերներ, որևէ մեկ արտագնա աշխատանքով զբաղվող քաղաքացու իրավունքների սահմանափակման խնդիր չկա այստեղ: Մարդը ասում ա՝ ՌԴ-ում կամ այլ երկրում տալու փոխարեն իմ եկամտահարկը կվճարեմ իմ երկրում: Եւ սա նորմալ օրենք է: Փոխանակ ասենք լավ ա, զարգացնենք մեր գործընկերների մտքերը, որ լրացուցիչ երաշխիք տանք, որ մարդը գնում է այնտեղ, անտեր չմնա, բայց էլ դավաճանություն, էլ չգիտեմ ինչ, չի կարելի այդպես»:
Վ.Այվազյանի խոսքերով՝ ՀՀԿ խմբակցությունը, մտածելով պետության, հասարակության մասին, հավատալով հային, կողմ է քվեարկելու:
Այվազյանին արձագանքեց Հրանտ Բագրատյանը. «Էս ձևի սիրուն ելույթ, որի մեջ լուրջ թատերական մոմենտ կա: Ցավդ տանեմ, մենք կոնկրետ հարց ենք բարձրացրել: Մենք ասում ենք՝ գոյություն ունի կրկնակի հարկման պայմանագիր: Եթե ՀՀ օրենսդրությունը 24 տոկոս է, իրենցը՝ 13, եթե ուզում ես ճիշտն իմանալ, 13 տոկոսը իրենք այնտեղ պետք է մուծեն, 11.4 տոկոս տարբերությունը մեր բյուջե: Սա է խնդիրը: Եթե ուզում եք ՀՀ բյուջե գա այդ գումարը, պետք է կրկնակի հարկման պայմանագրից դուրս նոր պայմանագիր կնքել: ԵՏՄ մտնելով՝ մենք դառնում ենք միասնական ռեզիդենտներ»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ