Վարչապետը խստորեն հանձնարարել է խնայողական ռեժիմով կազմակերպել ծախսերը. Սոցապնախարար
«Այս պահին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտը քննարկվում է, քննարկման արդյունքում կայացված որոշումներին նոր միայն կարող ենք անդրադառնալ ու դրա ազդեցության վերաբերյալ գնահատականներ տալ», -այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` պատասխանելով հարցին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ էլէներգիայի սակագնի բարձրացումը մեր հասարակության վրա:
Ընդհանուր առմամբ, ըստ Ասատրյանի, որևէ ծառայության սակագնի բարձրացում մտահոգիչ է, քանի որ դրա վատ ազդեցությունը նկատելի կլինի սոցիալապես խոցելի խմբերի վրա:
Հարցին, թե նախարարն ինչպե՞ս է վերաբերում այն հանգամանքին, որ սոցիալապես վատ վիճակում գտնվող երկրում պաշտոնյաները շրջում են թանկարժեք մեքենաներով, քաղաքապետարանը 20 մլն դրամով կոնյակ է գնում, նախարարը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ պետական կառավարման մարմինները պետք է կարողանան բնականոն գործունեություն ապահովելու հնարավորություն ունենալ: Իհարկե, բացարձակապես ընդունելի չեմ համարում, եթե անարդյունավետ ծախս է: Բայց դրա արդյունավետությունը գնահատելու համար պետք է նայել տվյալ ծախսի նպատակը, արդյունքները»:
Հարցին, թե կառավարության անդամներին չի՞ հանձնարարվել կրճատել ծախսերը, Ասատրյանը պատասխանեց, որ դա եղել է վարչապետի հանձնարարականը: Դիտարկմանը, թե կարծես տեսանելի չէ, նախարարը նկատեց. «Պետական կառավարման մարմինները վարչապետի կողմից ունեն խիստ հանձնարարական խնայողական ռեժիմով կազմակերպել իրենց ծախսերը»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին