Սպառողին չի հետաքրքրում ՀԷՑ-ի քաղաքականությունը. տնտեսագետ
Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման խնդրին կարելի է անդրադառնալ երկու տեսանկյունից՝ բնակչության և արտադրության վրա ազդեցությունից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
«Սովորական սպառողին չի հետաքրքրում ՀԷՑ-ի վարած քաղաքականությունը, ծախսերը, այլ միայն իր գրպանի վրա այդ թանկացման ազդեցությունը: Սպառողը մտածում է միայն չթանկանալու մասին: Իսկ արտադրական տեսանկյունից էլեկտրաէներգիան արտադրության մեջ մեծ տեսակարար կշիռ է կազմում և սպառման ոլորտը կանգնելու է լուրջ խնդրի առաջ»,-նկատեց տնտեսագետը:
Նա ընդգծեց, որ Էլեկտրաէներգիան այն ոլորտն է, որն անպայման ազդելու է մնացած բոլոր ոլորտների վրա:
Սակագնային թանկացմանն անդրադառնալով փորձագիտական տեսանկյունից, նա նշեց, որ փորձագետները նույնպես բարձրացնում են երկու տիպի պրոբլեմ՝ ՀԷՑ-ի գործունեությունը և նրա ներկայացրած հայտը:
«Մենեջմենթի տեսանկյունից եթե դիտարկենք, Հայաստանում տրվող ամենաբարձր աշխատավարձերը էլեկտրաէներգիայի ոլորտի աշխատողներինն է: Ամբողջ համակարգային պրոբլեմները բերում են նրան, որ տվյալ ոլորտում դիմում են սակագնի բարձրացմանը: ՀԷՑ-ը դժվար թե կարողանա հիմնավորել այդ բոլոր ծախսերը»,-ասաց տնտեսագետը:
Նրա խոսքերով, այս բոլոր հարցերը փորձագիտական շրջանակի համար են, հասարակությանը չի հետաքրքրում դա. «Սպառման ծավալների նվազում է գրանցվելու, մարդիկ սկսելու են ավելի ուշադիր լինել, ավելի քիչ օգտագործել էլեկտրաէներգիան»:
Տնտեսագետը նշեց, որ այս ֆոնի վրա խոսվում է տնտեսական աճի մասին. «Կլինի տնտեսական աճ, բայց չի լինի բարեկեցության աճ»:
Հիշեցնենք, որ հոսանքի սակագինը բարձրացնելու նպատակով ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Ներկայումս 1 կՎտ-ի համար սակագինը սահմանված է 41,85 դրամ ցերեկը, 31,85 դրամ՝ գիշերը։ ՀԷՑ-ն առաջարկում է սակագինը թանկացնել համապատասխանաբար մինչև 58 և 48 դրամ: