Սահմանափակվել է մեր մյուս քաղաքացիների ազատ տեղաշարժը. Վալերի Օսիպյան
«Հարցը բարձրախոսը չէ, հարցը սեղան-աթոռը չէ, մենք միանշանակ կարող ենք դադարեցնել, քանի որ սա անօրինական է և ոչ համաչափ, սահմանափակվել է մեր մյուս քաղաքացիների ազատ տեղաշարժը, ոտնահարվել են նրանց սահմանադրական իրավունքները»,- այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ պատասխանելով հարցին, թե էլեկտրաէներգիայի սակագնի դեմ բողոքող ցուցարարների կողմից բաձրախոսների տեղադրման ժամանակ երկու օր առաջ քաշքշուկ է եղել, սակայն երեկ արդեն իսկ բարձախոսները տեղադրվել են, արդյոք դա նշանակում է, որ ոստիկանությունը բարձրախոսների հետ կապված այլևս խնդիր չունի:
Վ.Օսիպյանի խոսքերով՝ ճիշտ կլինի, որ ցուցարարները տեղափոխվեն օրինական դաշտ, ունենան բոլոր թույլտվությունները և դրանից հետո ինչ ուզում են թող ունենան, այդ թվում՝ բարձախոս: Դիտարկմանը, թե ինչ պատահեց, որ թույլ տվեցին բարձրախոսներ տեղադրեն, Վ.Օսիպյանը նշեց, թե իրենք գիտակցում են և հասկանում են, որ դա ինչ հետևանքներ կարող է ունենալ, դրա համար չեն ցանկանում ավելորդ լարվածություն ստեղծել:
«Սա է խնդիրը, թե չէ՝ մեկից մեկ է կարգի հրավիրելը, ուղղակի զերծ ենք մնում ավելորդ քաշքշուկներից ու հետևանքներից»,- ասաց նա` հավելելով, որ ոստիկանությունը դրսևորում է բարի կամք է, հանդուրժողականություն:
Այդուհանդերձ, նա մեկ անգամ ևս շեշտեց, որ անհրաժեշտության դեպքում ոստիկանությունը օրենքով նախատեսված կարգով կօգտագործի և ջրցան մեքենաներ, և հատուկ միջոցներ, և ֆիզիկական ուժ:
Երևանի փոխոստիկանապետը նաև կոչ արեց, որ լրագրողները Բաղրամյանում գիշերող ցուցարարներին հորդորեն՝ ազատել պողոտան:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ