Իջևանում կբացվի առաջին մասնագիտացված ակնաբուժական կենտրոնը
Հուլիսի 8-ին Իջևանում կբացվի առաջին մասնագիտացված ակնաբուժական կենտրոնը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի նախագահ ու հիմնադիր Ռոջեր Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով՝ կլինիկան ապահովված կլինի նորագույն սարքավորումներով, որոնք հնարավորություն կտան Իջևանի ակնաբուժական կենտրոնը կապել Հայաստանի լավագույն կլինիկաների միջև:
Ներկայացնելով «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի գործունեությունը, Ռ.Հովհաննիսյանն ասաց, որ սկսած 2003 թվականից, իրականացնում են «Լույս հայի աչքերին» ծրագիրը, որն ուղղված է Հայաստանում ակնաբուժական ծառայությունների բարելավմանը և ձեռքբերովի կուրության կանխարգելմանը:
Նախագծի շրջանակներում, ինչպես նշեց Ռ.Հովհաննիսյանը, աչքի շարժական հիվանդանոցը պարբերաբար շրջայցեր է կատարում Հայաստանի բոլոր մարզերում ու Արցախում` իրականացնելով անվճար ակնային զննումներ, խորացված հետազոտություններ ու միջամտություններ: Ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ հետազոտվել է ավելի քան 350 հազար մարդ, 20000-ը՝ վիրահատվել, իսկ 60 հազար մարդու ակնոց է տրամադրվել:
Հիմնադրամի կարևոր ձեռքբերումներից մեկն էլ, ըստ Ռ.Հովհաննիսյանի, 2014թ-ին Երևանում բացված Մանկական կուրության գերազանցության կենտրոնն է, որի նպատակն է Հայաստանում և տարածաշրջանում կանխարգելել մանկական կուրությունը:
Armenian Eye Care Project-ի տնօրեն Նունե Եղիազարյանը նշեց, որ 100-ից ավելի նորածիններ լազերային բուժում են ստացել, իսկ 15 նորածին ակնաբուժական վիրահատություն է ստացել: « Նախկինում նորածնային կուրության վիրահատություններ անելու համար մեկնում էին Պետերբուրգ ու մեծ գումարներ ծախսում, հիմա այդպիսի վիրահատությունները Հայաստանում երազանք չեն: Այս երեխաներին փրկել ենք կուրությունից»,- ասաց Ն.Եղիազարյանը՝ հավելելով, որ վիրահատությունն իրականացվում է 48 ժամվա ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ