Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Շուշի» պարախմբի անդամներին (լուսանկարներ)
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Նյու Ջերսիի (ԱՄՆ) «Շուշի» պարախմբի անդամներին` ուղեկցությամբ Մայր Աթոռի բարերարներ տեր և տիկին Հրաչ և Սյուզան Թուֆայանների:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու բարձր գնահատանքն է բերել պարախմբին և նրա աջակիցներին` մեծապես կարևորելով նշանավոր խմբի կողմից իրականացվող կրթա-դաստիարակչական առաքելությունը: Նորին Սրբությունը գոհունակությամբ նշել է այն, որ պարախումբն իր համերգային շրջագայության ընթացքում ծրագրել է կատարումներով հանդես գալ նաև Հայրենիքում:
Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդառաջ ԱՄՆ Հայոց Արելյան թեմի առաջնորդ Տ. խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի խնդրանքին, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» պատվո բարձր շքանշան է շնորհել «Շուշիի» պարուսույց տիկին Սեդա Պասկալյան-Գանդարջյանին` ի գնահատություն նրա բազմամյա նվիրյալ ծառայության:
Վերջում Նորին Սրբությունն աղոթքով օրհնել է ներկաներին: Ապա հաջողություններ մաղթելով «Շուշիի» գործունեությանը` հորդորել է պարախմբի բարեկամներին մշտապես զորակցել ազգօգուտ այս նախաձեռնությանը, որպեսզի մատաղ սերնդին տևապես փոխանցվեն ազգային պարերն ու ավանդույթները: