Թևան Պողոսյան. Պետք է կարողանային ապացուցել, որ եթե իրենք փակում են ճանապարհը, ուրեմն իրենք էլ պետք է բացեին
«Ժառանգություն» խմբակցության անդամ պատգամավոր Թևան Պողոսյանը համեմատում է Բաղրամյան պողոտայում այսօր, հունիսի 23-ի ու նախկին տարիների ոստիկանության գործողությունները. «Տարբերություն կա, և ես ուրախ եմ, որ որևէ մեկը չի վնասվել: Սկզբում ասացին, որ Դավիթ Սանասարյանը ուղեղի ցնցում է ստացել, հետո ինքն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ամեն ինչ նորմալ է»:
Պատգամավորին՝ որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ ու քաղաքական գործիչ այլ բան է հետաքրքրում, պողոտան ինչո՞ւ չբացվեց այլ մեխանիզմներով՝ օրինակ բանակցությունների միջոցով. «Տղաներն ասում էին՝ «Մենք ենք տերը մեր երկրի»: Պետք է կարողանային ապացուցել, եթե իրենք փակում են ճանապարհը, ուրեմն իրենք էլ պետք է կարողանան բացել: Որևէ ուրիշը չի բացելու»:
Հավաքի օրերին Բաղրամյանում «կենդանի պատ»-ի մաս կազմող պատգամավորը նկատել է, որ ինչ-որ մարդիկ փորձում էին գործողություններ իրականացնել լճացած իրավիճակից դուրս գալու համար. «Պետք է արձանագրել, որ առաջին փուլը, որ ղեկավարում էին «Ոչ թալանի» տղաները, շատ հաջող էր, որտեղ իսկապես կարողացան մի քանի հաղթանակլներ արձանագրել այն իմաստով, որ դուռ ու պատուհան բացեցին, այսօրվա իշխանություններն առաջին անգամ լսեցին, սկսեցին բանակցությունների հրավիրել, ինչ-որ որոշումներ ընդունել: Դրանից հետո պետք է երկրորդ փուլի խնդիր ունենային, միգուցե պետք է հավատայի՞նք այդ տղաների առաջնորդությանը»:
Անցյալը վերլուծելուց բացի, Թևան Պողոսյանն այն համոզման է, որ հիմա ինչ գաղափարախոսություն պետք է որդեգրեն, որ կարողանան «Ոչ թալանին» գաղափարին նվիրված այն շարժումը, ալիքը և իսկական նվիրավածությունը շարունակել. «Թալանը ոչ միայն էլեկտրաէներգիայի ոլորտում է տեղի ունենում, այլ գազի, ջրի ու այլ ոլորտներում: «Ոչ թալանին»-ը վերաբերում է համակարգերում առկա բոլոր բացերի բացահայատմանը, որտեղ տեղի են ունենում կոռուպցիոն երևույթներ, ատկատներ, անհասկանալի տենդերներ: Հուսով եմ, որ ապագայում բոլորը դասեր կքաղեն՝ և «Ոչ թալանին»-ի տղաները, և նրանք, ովքեր մնացել էին Բաղրամյանում, և նրանց մյուս ընկերները, ովքեր Ազատության հրապարակ էին տեղափոխվել, իրենց միասնականությունը չկորցնեն, ավելի նոր մոտեցումներ որդեգրեն, և այդ միասնականությամբ գնան առաջ: Ահա գլխավորը դա պետք է լինի»:
Հիշեցնենք, որ այսօր ոստիկանությունը նախ հայտարարեց, ապա ձեռնամուխ եղավ Բաղրամյան պողոտայում հասարակական կարգի վերականգնմանը: Պողոտայի մեջտեղում նստած մի քանի քաղաքացիներին ոստիկանները գրկած տեղափոխեցին ոստիկանական մեքենաներ, ապա բերման ենթարկեցին: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ բերման ենթարկվածների նկատմամբ հետապնդում չի իրականացվելու, բոլորն ազատ են արձակվելու: Ոստիկանությունից քիչ առաջ հայտնեցին, որ Բաղրամյան պողոտայից ոստիկանության տարածքային բաժիններ են բերվել 46 անձ: Բոլորը ազատ են արձակվել: Նշված գործողությունների ընթացքում ոստիկանության կողմից հավաքի մասնակիցների նկատմամբ հատուկ միջոցներ չեն գործադրվել:
Բաղրամյանի՝ այսօրվա անցուդարձի մանրամսները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ