Իսպանիայի Կաթոլիկ Եկեղեցու ուխտավորները Մայր Աթոռ այցելությունը մշտապես կհիշեն
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Իսպանիայի Կաթոլիկ Եկեղեցու թեմերի միջեկեղեցական հարաբերությունների ներկայացուցիչներին և ուխտավորներին` ուղեկցությամբ Մադրիդի եպիսկոպոսական ժողովի գլխավոր քարտուղար, Մադրիդի կարդինալի օգնական եպիսկոպոս Խուան Անտոնիո Մարտինեսի:Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Հանդիպմանը ներկա Մադրիդի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Շնորհք աբեղա Սարգսյանը, Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացնելով ուխտավորներին, նշել է, որ Քույր Եկեղեցու ներկայացոցիչների համար շատ կարևոր է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման տարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գտնվելը:
Երախտագիտության խոսք է ասել նաև եպիսկոպոս Խուան Անտոնիո Մարտինեսը, ով, ընթերցելով Մադրիդի եպիսկոպոսական ժողովի գրությունը, ընդգծել է, որ այս օրն Իսպանիայի Կաթոլիկ Եկեղեցու ուխտավորների համար մշտապես պիտի հիշվի, քանի որ նրանք հաղորդվելու են Հայ Եկեղեցու նվիրական արժեքներին և Մայր Տաճարում մասնակցելու են Ս. Պատարագի արարողությանը:
Այնուհետև Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետն ուխտավորներին բերել է իր գնահատանքի և օրհնության խոսքը: Նորին Սրբությունը գոհունակությամբ շեշտել է այն, որ Քույր Եկեղեցիների հոգևորական և աշխարհական ուխտավորները հայ ժողովրդի համար նվիրական տարում որոշում են կայացնում ուխտի գնալ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` իրենց հարգանքը բերելու ցեղասպանության ենթարկված հայ նահատակներին, ինչպես նաև բոլոր այն անձանց, ովքեր ի սեր Քրիստոսի կամավորաբար հանձն առան մարտիրոսության սուրբ պսակը:
Գոհունակ սրտով վերհիշելով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Վատիկանում Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի մատուցված սուրբ և անմահ Պատարագի արարողությունը` Նորին Սրբությունն ընդգծել է, որ սուրբ նահատակները բոլորին են պատկանում, քանի որ նրանք հավատքի վկաներն են և պանծացնում են Հիսուս Քրիստոսի հիման վրա կառուցված եկեղեցիները:
Հանդիպմանը ներկա է եղել Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե վարդապետ Անանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ