Պատգամավորները դեմ են Համաշխարհային բանկի ընթացակարգին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք «Ջեյքոբս Քընսալթենսի» ընկերության փորձագետները ուսումնասիրություն են անցկացրել «Նաիրիտ»-ում, իսկ Համաշխարհային բանկն ամփոփել է այդ ուսումնասիրությունը, որն էլ այսօր հաղորդման տեսքով ներկայացվում է Ազգային Ժողովում:
Սակայն Համաշխարհային բանկը սեփական նախապայմաններն է թելադրում, թե ինչպես այդ հաղորդումը պետք է տեղի ունենա, ինչն էլ հարուցեց պատգամավորների դժգոհությունը: ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տեղեկացրեց, որ Համաշխարհային բանկի ներկայացուցիչները որոշում են կայացրել, որ հաղորդման ներկայացումը իրենց կողմից պետք է անցնի դռնփակ:
«Սա է իրենց առաջարկած ընթացակարգը: Պարզապես լրատվության ներկայացուցիչների խնդիրն է այստեղ, բայց պատգամավորները կարող են հետո ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ասել, թե ինչ է քննարկվել»,- ասաց նա:
ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանն էլ ասաց, որ ուսումնասիրությունում կան կետեր, որոնք անհասկանալի են և հարց ու պատասխանի միջոցով ոչ միայն պետք է դրանց ծանոթանալ, այլ նաև հանրայնացնել: Օրինակ, ըստ նրա, փաստաթղթում նշված է, որ «Նաիրիտ»-ն ունի 7.6 մլրդ դրամի պարտք, որը ֆինանսական հաշվետվություններով չի բացահայտվել. «Սա ներկայացման կարիք ունի»:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ ինքը հարց ունի ՀԲ ներկայացուցիչներին և չի հասկանում, թե ինչու լրագրողները պետք է ներկա չգտնվեն այդ քննարկմանը. «Իմաստն ինչումն է, եթե հետո պետք է պատմենք»:
ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանն էլ զարմացավ` ինչո՞ւ ենք հավաքվել, եթե պետք է դռնփակ լինի: Վարդան Այվազյանը ևս մեկ անգամ կրկնեց` խորհրդարանական լսումներ կլինեն աշնանը, այնպես որ որևէ մեկը չի փորձում «սղացնել» այս հարցը: Իսկ հիմա Համաշխարհային բանկը նման ընթացակարգ է սահմանել, չի ցանկանում լրագրողները ներկա գտնվեն քննարկմանը:
Հարցը դրվեց քվեարկության` կողմ են նման ընթացակարգին, թե ոչ: Պատգամավորների մեծամասնությունը դեմ քվեարկեց և արդյունքում որոշվեց, որ այսօր Համաշխարհային բանկի ներկայացումը չեն լսի:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ