Սահմանադրական բարեփոխումների նախագծի որոշ կետեր մտահոգել են Կարինե Դանիելյանին
Հանրային Խորհրդի անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանը երկրի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ մի շարք մտահոգություններ է հայտնել Սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ:
Մասնավորապես Դանիելյանը խոսել է շրջակա միջավայրի պահպանության, բնապահպանական տեղեկատվությունը թաքցնելու կամ դրա տրամադրումը մերժելու համար պաշտոնատար անձանց պատասխանատվություն կրելու, երեխայի իրավունքների, իրավական նորմերի աստիճանակարգության ու այլ դրույթների վերաբերյալ կատարված փոփոխությունների մասին:
Panorama.am-ի հետ զրույցում Կարինե Դանիելյանը մատնանաշեց բարեփոխված Սահմանադրության 5.2 հոդվածը, որում ասվում է. «Ընդհանուր միջազգային իրավունքի պարտադիր նորմերը գերակայություն ունեն օրենքների նկատմամբ: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը:
«Մենք ապրում ենք այնպիսի աշխարհում, երբ միջազգային նորմ կարող է դառնալ, օրինակ միասեռ ամուսնությունը»,-մտավախություն հայտնեց Կ. Դանիելյանը:
ՀԽ անդամին անհանգստացրել է նաև նախագծի 11 հոդվածը: Այն սահմանում է.
1. Հանրային իշխանությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունն ու վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների հանդեպ:
2. Յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել շրջակա միջավայրի պահպանության մասին»:
«Ես ասացի, ի՞նչ է նշանակում խթանել, կարող է հիմա խթանում է, վաղը՝ չստացվի: Պատասխանեցին, որ միջազգային պրակտիկա է, որը ոչ մի տեղ չի գրվում, որ պետությունն ապահովում է կամ երաշխավորում է, խթանում բառը ավելի ճիշտ է: Բայց ես համաձայն չեմ»,-ասաց նա:
Բացի դրանից, գործող Սահմանադրության մեջ կա հոդված, ըստ որի՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում, պարտավոր է անձամբ և այլոց հետ համատեղ պահպանել և բարելավել շրջակա միջավայրը։ Դանիելյանի խոսքով, նոր նախագծում նման բան չկա:
Բնապահպանն անհանգստացած է, որ բարեփոխված նախագծում բացակայում է շրջակա միջավայրի պահպանության, բնապահպանական տեղեկատվությունը թաքցնելու կամ դրա տրամադրումը մերժելու համար պաշտոնատար անձանց պատասխանատվություն կրելու մասին դրույթը: Նրան բացատրել են, որ սահմանադրության մեջ կա կետ՝ տեղեկատվության տրամադրման վերաբերյալ:
Դանիելյանը հույս ունի, որ ՀԽ անդամների ներկայացրած առարկությունների, մտահոգությունների վերաբերյալ իշխանությունների հետ կգան փոխհամաձայնության:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ