Հայաստանը պատրաստվում է դառնալ ԻՆՍԱՐԱԳ-ի անդամ
Վաղ առավոտյան` ժամը 07.50-ին արտակարգ խորհրդակցություն է հրավիրվել ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի մոտ:
ՏԿԱԻՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից մանրամասնում են, որ վաղ առավոտյան հրավիրված խորհրդակցությունը նվիրված էր ուսումնավարժանքի անցկացման հարցերին:
Մեկնարկում է հայկական քաղաքային որոնողափրկարարական ջոկատի ԻՆՍԱՐԱԳ-ի (INSARAG) ՄԱԿ-ի որակավորման վարժանքը, որը հնարավորություն կտա Հայաստանին ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան բարձրակարգ փրկարարական ջոկատներ, ինչպես նաև՝ դառնալ ԻՆՍԱՐԱԳ-ի 33-րդ անդամը: Խորհրդակցությանը նախարար Ա. Երիցյանին ներկայացվել է «տուժած» երկրում ստեղծված իրավիճակը:
Խորհրդակցության ընթացքում օպերատիվ իրավիճակի զեկույցով հանդես է եկել նախարարության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, Հայաստանի ԻՆՍԱՐԱԳ-ի քաղաքական պատասխանատու Հ. Եմիշյանը: Վերջինս նաև ներկայացրել է իրականացվելիք փրկարարական միջոցառումների նախագիծը:
Սցենարի համաձայն` X երկրում տեղի է ունեցել 7.2 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով մահացել է շուրջ 5500 մարդ, տուժել` 30 հազար: Կան ավերածություններ: Տուժած երկրի կառավարությունը դիմել է միջազգային հանրությանը՝ փրկարարական և մարդասիրական օգնության համար: Կայացվել է որոշում հայկական փրկարարական ջոկատի մեկնելու վերաբերյալ:
Ըստ ՄԱԿ-ի անվտանգության դասակարգչի X երկրում առկա քաղաքական իրավիճակի կայունության մասին տեղեկատվությունը նախարար Երիցյանին զեկուցել է ՏԿԱԻՆ արտաքին կապերի վարչության պետ Մ. Գևորգյանը:
Ամփոփելով խորհրդակցությունը ՏԿԱԻ նախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել ուսումնավարժանքում ներգրավված ստորաբաժանումների ղեկավարներին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ