Վաշինգտոնը ծրագրում է Թուրքիայից տարհանել իր զինվորականների ու դիվանագետների ընտանքիներին
ԱՄՆ-ն պատրաստվում է Թուրքիայի որոշ շրջաններից տարհանել իր քաղաքացիներին: BBC-ի թուրքական ծառայությունը հայտնում է, որ շուտով Թուրքիայից դուրս կբերվեն Ինջիրլիքի ռազմաբազայի հարակից տարածքներում բնակվող ամերիկացի զինվորականների և Ադանայի ամերիկյան հյուպատոսարանի դիվանագետների ընտանիքները: Նրանց ուղևորության ծախսերը կհոգա ԱՄՆ-ի կառավարությունը:
Նույն աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ Թուրքիայից դուրս բերման ենթակա ԱՄՆ-ի քաղաքացիների թիվը հասնում է շուրջ 900-ի: Նաև նշվում է, որ տարհանման մասին որոշումն առայժմ չի վերաբերում Թուրքիայի այլ տարածքներում բնակվող ԱՄՆ-ի քաղաքացիներին:
Ընդգծվում է այն հանգամանքը, որ թեև դիվանագետների ընտանիքները կտարհանվեն, բայց Ադանայի ամերիկյան հյուպատոսարանը կշարունակի գործել: Սա հաստատվել է ԱՄՆ պետքարտուղարության կողմից:
Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Քուքը և Պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Թոները թեմայի առնչությամբ հայտարարել են, որ տարհանման որոշումը որևէ նոր իրադրությամբ պայմանավորված չէ և միայն պրոֆիլակտիկ բնույթ ունի:
Ամերիկյան «Associated Press» (AP) լրատվական գործակալությանը հղում կատարող թուրքալեզու աղբյուրը նշում է, որ զինվորականների ու դիվանագետների ընտանիքների՝ Թուրքիայից դուրս բերելու առաջարկը կատարվել է ՆԱՏՕ-ի զինված ուժերի հրամանատար Ֆիլիպ Բրիդլովի կողմից՝ այն բանից հետո, երբ Իսլամական Պետությունը (ԻՊ- İŞİD) սպառնացել է հարձակվել Ինջիրլիքի ռազմաբազայի վրա:
Նշվում է, որ Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը արդեն հաստատել է առաջարկը: Ըստ ստացված տեղեկությունների՝ ԱՄՆի քաղաքացիների տարհանման որոշումն առաջիկայում կարող է վերաբերել նաև Թուրքիայի այլ շրջաններում գտնվող զինվորականների և դիվանագետների ընտանիքներին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին