Ռուբեն Գևորգյան. Երդվյալ ազատամարտիկները պատրաստ են մեկնել ամենավտանգավոր սահմանային գիծ
Այսօր Երդվյալ ազատամարտիկները գտնվելով պետության կողքին՝ ամեն րոպե պատրաստ են երկրի գերագույն գլխավոր հրամանատարի հրամանատարության ներքո մեկնել ամենավտանգավոր սահմանային գիծ, մեր դիրքապահ զինվորների հետ կողք կողքի մարտնչել ընդդեմ թշնամու: Ազգային Ժողովում այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ պատգամավոր Ռուբեն Գևորգյանը:
Անդրադառնալով Վաշինգտոնում ՄԱԿ-ի ամբիոնից ՀՀ նախագահի ելույթին, Ռ. Գևորգյանը կարծիք հայտնեց, որ այն պատերազմում հաղթանակած և արյամբ ընդգծված սահման ունեցող երկրի ղեկավարի խոսք էր և դիրքորոշում՝ ընդդեմ թշնամի Ադրբեջանի:
«Երկրի նախագահի ելույթում պարզ հայտարարվեց թշնամու կողմից նետված պատերազմի ձեռնոցը ընդունելու և նրան պատժելու մեր երկրի պատրաստակամությունը: Նախագահի խոսքը դա իր ժողովրդի խոսքն է և այսօր ազգովի չլինել նրա կողքին, ուրեմն կունենանք պարտված խոսք, իսկ պարտված խոսքի դեպքում՝ պարտված պատերազմ և պարտված ժողովուրդ»,-ասաց նա:
Պատգամավորի խոսքով, երկրում տիրող ամեն մի դժվարին վիճակ՝ դա լինի տնտեսական, թե սոցիալական, երբեք չպետք է դառնա պատճառ շեղվելու արյան այդ գիտակցությունից:
«Հարկավոր է լինել միասնական՝ լինել պետության կողքին և մեր պետության ճակատագրին վերաբերող ամեն մի հարցում նրան դարձնել անխոցելի»,-ասաց նա:
Հանրապետական խմբակցության անդամ Կարինե Պողոսյանն էլ իր ելույթում անդրադարձավ երկրի ղեկավարի՝ ՄԱԿ-ում արած հայտարարություններին:
«Նախագահը հստակ հայտարարեց, որ այսուհետև Հայաստանը կկիրառի բոլոր անհրաժեշտ իրավական ու ռազմաքաղաքական մեխանիզմները՝ Ադրբեջանին զսպելու համար: Սա տարբեր լսարանների ուղղված հայտարարություն էր:
Վստահ ենք, որ թե՛այս ելույթը, թե՛ առհասարակ հայկական կողմի պատասխանը որոշակի դրական արդյունք կունենան կոնֆլիկտի կարգավորման գործընթացում»,-ասաց պատգամավորը, ավելացնելով, որ բարբարոս թշնամու՝ սահմաններ չճանաչող վայրագության զոհը դարձած խաղաղ բնակիչների և զինվորների մահվան ցավն ու կսկիծը պետք է սթափեցնող լինի:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ