Ինչո՞ւ տնտեսագետ Աշոտ Եղիազարյանին ԲՈՀ-ը տնտեսագիտության դոկտորի վկայականը չի տալիս
Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանին Բարձրագույն որակավորման հանձնաժողովը տնտեսագիտության դոկտորի վկայականը չի տալիս: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետը` հավելելով, որ ինքը ատենախոսություն էր պաշտպանել 2014 թվականին՝ Սլավոնական համալսարանում՝ «Հայաստանի տնտեսության կառուցվածքային հիմնախնդիրները տարածաշրջանային զարգացումներում» թեմայով:
Սակայն ԲՈՀ-ը, ըստ նրա, որոշել է, որ նրա աշխատանքը պետք է կրկնակի քննարկում անցնի՝ հաշվի առնելով փորձաքննության արդյունքները:
«Այսինքն՝ ԲՈՀ-ի գրությանը կից ներկայացվել էր որոշակի դիտողություններ, բայց ես նկատեցի, որ այդ դիտողությունները կատարվել են հապշտապ, հավաքված նախնական պաշտպանության ժամանակ հնչած քննարկումներից և արդյունքում կազմվել է փնթի գրություն: Բացի այդ, հասկացա, որ իրական փորձաքննություն չի եղել և պահանջել եմ տրամադրել գործի նյութերը, որոնք այդպես էլ չեն տրամադրվել»,- ասաց Ա.Եղիազարյանը:
Ըստ նրա՝ ԲՈՀ-ի նախագահը երեք անգամ դիմել է համալսարանին՝ կրկնակի պաշտպանություն կազմակերպելու հարցով: Երկու օր առաջ համալսարանի խորհուրդը հաստատել է նախկին որոշումը՝ տնտեսագիտության դոկտորի աստիճան շնորհելու վերաբերյալ:
Անդրադառնալով Կրթության և գիտության նախարարությանը պահվածքին, տնտեսագետը նշեց, որ ԿԳՆ-ն չի ուզում մտնել այս գործի մեջ և ամբողջ պատասխանատվությունը թողնում է ԲՈՀ-ի վրա, մինչդեռ այդ կառույցն էլ իր պատասխան գրության մեջ իրավական ձևակերպումների առումով համատարած սխալներ է արել:
Տնտեսագետի խոսքերով՝ այս գործով նա դիմել է վարչական դատարան և մտադիր չէ հայցը դատարանից հետ վերցնել, եթե անգամ վկայականը տրամադրվի:
«Կասկածներ ունեմ, որ դատարանները ԲՈՀ-ին առնչվող գործերը փորձում են չընդունել: Միակ կառույցը, որ օբյեկտիվ գնահատական է տվել, դա Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն է, ընդունվել է այն փաստը, որ խախտվել են իմ իրավունքները»,-նշեց Աշոտ Եղիազարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ