Կապանում բացվեցին հանրապետությունում երկրորդ երգող շատրվանները
Այսօր Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղի ունեցավ hանրապետության թվով երկրորդ երգող շատրվանների բացումը:
«Մենք ցանկանում էինք նվեր մատուցել կապանցիներին և որոշեցինք հանձն առնել կենտրոնական հրապարակի բարեկարգման աշխատանքները և երգող շատրվանների կառուցումը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչական տնօրեն, Զանգեզուրի պղնձամոլիբդենային բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Վահե Հակոբյանը:
Նշենք, որ Կապանի կենտրոնական հրապարակի և երգող շատրվանների բարեկարգման ու կառուցապատման աշխատանքով է զբաղվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որն աշխատանքի համար ծախսել է շուրջ 570 միլիոն դրամ:
Վահե Հակոբյանը նկատեց, որ երգող շատրվանները կապանցիներին ոգևորել են դեռևս փորձարկման ժամանակ. «Սա հանրապետությունում երկրորդ շատրվանն է՝ որպես լուսաձայնային համակարգ: Մի քիչ Երևանից լավն է, որովհետև ժամանակակից են սարքավորումները: Այս հրապարակում նախատեսված են նաև բիզնես և մշակույթի կենտրոններ, որոնք կբացվեն առաջիկայում»:
Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն էլ նշեց, որ նախկինում նույն վայրում դեռևս խորհրդային տարիներից տեղադրված էին շատրվաններ, որոնք արդեն պիտանի չէին գործարկման համար. «Գուցե կգտնվեն մարդիկ, ովքեր կասեն, որ շատրվանների վրա ծախսած գումարը լավ կլիներ ուղղել սոցիալական խնդիրների լուծմանը, շատրվանների տեղադրումը ևս սոցիալական հարց է քաղացիների համար»:
Նրա խոսքերով՝ միշտ էլ անհրաժեշտությունը կա այլ ոլորտներում ներդրումներ կատարելու, սա էլ իր մեջ պարունակում է սոցիալական բաղադրիչ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին