Քեսաբահայերից շուրջ հազար հոգի վերադարձել են իրենց տները. Գևորգ Յազճյան
Քեսաբի հայ բնակչության 40 տոկոսը վերադարձել են` մոտավորապես հազար հոգի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց սիրիահայ պատմաբան Գևորգ Յազճյանը՝ նկատելով, որ նրանց մեջ քիչ են երիտասարդները:
«Քեսաբում վերջին ժամանակաշրջանում բնակչությունն ավելացել է Հալեպից եկած հայերի շնորհիվ, քանի որ այսօր Քեսաբում համեմատած վիճակը կայուն է»,-նշեց բանախոսը:
Նա տեղեկացրեց, որ մինչ այժմ Սիրիայում զոհվել է 50 խաղաղ հայ քաղաքացի, ազգությամբ հայ 10 զինվոր սպանվել են բանակում, ևս 50 հայ քաղաքացիներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Սիրիահայ գրողի խոսքերով, երբեք չի խոսվել Քեսաբին մոտ գտնվող Յակուբի, Կնիե հայկական ծագում ունեցող արաբախոս այս երկու գյուղերի մասին, որոնք նույնպես գրավված են և այդ գյուղերից էլ են մարդիկ գնացել և բնակություն հաստատել Քեսաբում:
Անդրադառնալով Հալեպին, պատմաբանը նշեց, որ 45-50 հազարանոց հայկական գաղութից այնտեղ այժմ մնացել է շուրջ կեսը, 15-17 հազար սիրիահայեր վերադարձել են Հայաստան, նույնքան էլ՝ Բեյրութ. «Սիրիայի հայ բնակչության մի մասն էլ տեղափոխվել է երկրի հյուսիս-արևելք՝ քրդաբնակ շրջաններ, որտեղ նրանց բավական լավ են վերաբերում»:
Գևորգ Յազճյանը հատկանշական համարեց այն, որ նրանցից մի զգալի մասն էլ ընդհանրապես չի ծրագրում վերադառնալ ծննդավայր, քանի որ Սիրիայում կորցրել է ամեն ինչ, սակայն քիչ չեն նաև այն սիրիահայերը, ովքեր սպասում են վիզաների՝ հեռանալու Հայաստանից և հանգրվանելու օտար երկրներում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան