ԿԽՄԿ պատվիրակները Բաքվում հանդիպել են Կոթիի բնակչուհուն, գնահատել նրա պահման պայմանները
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի պատվիրակներն այսօր կարողացել են այցելել Ադրբեջանում հայտնված ՀՀ Տավուշի մարզի Կոթի գյուղի բնակչուհուն՝ 76-ամյա Լուսիկ Աբովյանին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի Հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին
«ԿԽՄԿ մանդատի համաձայն, Բաքվում մեր պատվիրակները հանդիպել են Հայաստանի քաղաքացուն, գնահատել նրա առողջական վիճակը, քաղաքացու պահման պայմանները, նրա հանդեպ վերաբերմունքը», -փոխանցեց Ամատունին:
Նա հրաժարվեց պատասխանել այցելության արդյունքների մասին մեր հարցին՝ վկայակոչելով իրենց առաքելության կանոնադրությունը, ըստ որի ԿԽՄԿ-ն չի հանրայնացնում իր գործունեությունը:
Այդուհանդերձ ՀՀ քաղաքացուհու հայրենադարձման հարցի շուրջ ԿԽՄԿ-ն բանակցում է երկրների իշխանությունների հետ:
«Այդ հարցի շուրջ բանակցում ենք իշխանությունների հետ և եթե պատրասակամություն լինի, ապա մենք պատրաստ ենք օգնել տվյալ անձի հայրենադարձմանը», -հավելեց Ամատունին:
Նշենք, որ Կոթի գյուղի բնակիչ Լուսիկ Աբովյանը գյուղից անհետացել էր նոյեմբերի 8-ին: Գյուղապետը Panorama.am-ին ասել էր, որ տարեց կինը առողջական խնդիրներ չունի և դեռ հայտնի չէ, թե ինչ հանգամանքներում է նա հատել հայ-ադրբեջանական սահմանը:
Թեմային առնչվող հրապարակում`
ԿԽՄԿ-ն բանակցում է, որ ստանա անհապաղ տեսակցության հնարավորություն Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացու հետ