Յուրի Վարդանյանը պարգևատրել է ոչ օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչներին
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանն ընդունել է և պարգևատրել Հայաստանում գործող ոչ օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչներին, որոնք ակտիվ համագործակցում են «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության հետ:
Ողջունելով ներկաներին, Յուրի Վարդանյանը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար, ապա հետաքրքրվել ֆեդերացիաներում առկա խնդիրներով, իրականացվելիք ծրագրերով և պետական կառույցի հետ սերտ համագործակցություն ծավալելու հեռանկարներով:
Հայաստանում գործող ոչ օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիաների (Քիք-բոքսինգ, ավանդականուշու, այկիդո-այկիկայի, կիոկուշին-կան կարատե-դո, մուայթայ և այլն) նախագահները ներկայացրել են իրենց մարզաձևերում գրանցած հաջողությունները, անցկացրած առաջնությունների, միջազգային սեմինարների և վերապատրաստման դասընթացների մասնակցության վերաբերյալ տեղեկատվությունը:
Այնուհետև, խրախուսելով ներկաներին, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության հետ ակտիվ համագործակցելու, Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրում ունենալու, արևելյան մարտարվեստների և մատաղ սերնդի ֆիզիկական պատրաստականության զարգացմանը նպաստելու համար Յուրի Վարդանյանը ֆեդերացիաների նախագահներին արժանացրել է պարգևների:
«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» կոչմանն է արժանացել և համանուն կրծքանշանով պարգևատրվել է Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրերով են պարգևատրվել Հայաստանի Քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանը, Հայաստանի այկիդո-այկիկայի ֆեդերացիայի նախագահ Արմեն Ավետիսյանը և Հայաստանի «Կենտրոն» ազգային ավանդական կարատե-դո ֆեդերացիայի նախագահ Սուրեն Մաթևոսյանը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պատվոգրեր են հանձնվել Ռազմական թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ Վրեժ Խաչիկյանին, Հայաստանի «Մուայթայ» ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանին, Հայաստանի «Կիոկուշին-Կան Կարատե-դո» ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանին, «Պանկրատյոն» պրոֆեսիոնալ ասոցիացիայի նախագահ Արման Բուդուրյանին, «Արսենալ» սպորտային ասոցիացիայի նախագահ Վարդան Աբգարյանին, «Մարտարվեստների» ասոցիացիայի նախագահ Արտակ Մելիքյանին և «ՀԳՏՖԻ» թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ Արա Սարգսյանին:
Հանդիպման ավարտին Յուրի Վարդանյանը գործնական խորհրդակցություն է անցկացրել նախարարության աշխատակիցների և ֆեդերացիաների նախագահների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին