Կայացել է սուսերամարտի երիտասարդական միջազգային մրցաշարը
Սեպտեմբերի 20-21-ը Երևանի «Դինամո» մարզահամալիրում կայացել է ՀՀ անկախության 23-րդ ամյակին նվիրված սուսերամարտի երիտասարդական միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին մոտավորապես 100 սուսերամարտիկ ու սուսերամարտուհի՝ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից:
Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին, որին ներկա էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի, Վրաստանի սուսերամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներ և այլ պատվավոր հյուրեր:
Մրցաշարը կազմակերպվել և անցկացվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի համագործակցության շնորհիվ: Նշենք, որ Հայաստանում մարզաձևի զարգացման համար ՀՀ սուսերամարտի ֆեդերացիան միջազգային ֆեդերացիայից ստացել է մասնագիտական մարզագույք, ինչն իր հերթին նպաստելու է միջազգային մրցաշարերի կազմակերպման և անցկացման գործին: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Ճկասուսեր տղաների մրցապայքարում առաջին տեղը գրավել է Վրաստանի ներկայացուցիչ Լուկա Գագանիձեն, երկրորդ տեղն զբաղեցրել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ալբերտ Գրիգորյանի անվան օլիմպիական հերթափոխի սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցը ներկայացնող Էմիլ Դանիելյանը (անձնական մարզիչ՝ Սամվել Գրիգորյան), երրորդ տեղը՝ Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական քոլեջը ներկայացնող Պարգև Ստեփանյանը (անձնական մարզիչ՝ Հարություն Տիգրանյան) և Վրաստանը ներկայացնող Գեորգի Գելաշվիլին:
Ճկասուսեր աղջիկների մրցապայքարում առաջին տեղը գրավել է Վրաստանի ներկայացուցիչ Թեոնա Գոգլիձեն, երկրորդ տեղը` Վրաստանը ներկայացնող Մարիա Ցուխիշվիլին, երրորդ տեղը՝ Ռուսաստանի ներկայացուցիչ Արինա Կարավաևան և սուսերամարտի «Քեթրին» ակումբը ներկայացնող Արփինե Աթոյանը (անձնական մարզիչ՝ Արտաշ Մադոյան):
Խոցասուսեր տղաների մրցապայքարում առաջին տեղը գրավել է Ռուսաստանի ներկայացուցիչ Վյաչեսլավ Բարոևը, երկրորդ տեղն զբաղեցրել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ալբերտ Գրիգորյանի անվան օլիմպիական հերթափոխի սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցը ներկայացնող Մանվել Հովհաննիսյանը (անձնական մարզիչ՝ Սամվել Գրիգորյան), իսկ երրորդ տեղը՝ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Պոլ Ստեֆան Էվարտը և Վրաստանը ներկայացնող Իրակլի Փաթսցխավան:
Խոցասուսեր աղջիկների պայքարում առաջին տեղը գրավել է Վրաստանի ներկայացուցիչ Մարիա Զակրիչենկոն, երկրորդ տեղը` Ռուսաստանի ներկայացուցիչ Աննա Զապորիվաննայան, երրորդ տեղը՝ սուսերամարտի «Քեթրին» ակումբը ներկայացնող Էմմա Պողոսովան(անձնական մարզիչ՝ Արտաշ Մադոյան) և Վրաստանի ներկայացուցիչ Անն Բիբիչաձեն:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին