ՀՀ նախագահի մրցանակները հանձնվել են հաղթողներին
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը երեկ՝ դեկտեմբերի 19-ին, մասնակցել է Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն քաղաքային մարզական համայնք», «Լավագույն գյուղական մարզական համայնք», «Լավագույն մարզական բակ» 2014 թվականի հանրապետական ստուգատեսների հաղթողների մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությանը:
Գաբրիել Ղազարյանը ողջունել է ներկաներին և նշել, որ ՀՀ համայնքներում առկա բարեկարգ, վերանորոգված և մարզումների համար հարմարեցված բակերը ՀՀ կառավարության կողմից տարվող մեծածավալ աշխատանքի տեսանելի հատվածն է միայն՝ ուղղված ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայականացմանը, տարածմանը, առողջ ապրելակերպի քարոզչությանը: Նախարարը շնորհավորել է հաղթողներին և հույս հայտնել, որ հաջորդ տարիների ընթացքում ՀՀ Նախագահի մրցանակին հավակնող համայնքների թիվն ավելի է մեծանալու: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Ներկաներին ողջունել և շնորհավարական խոսք է ասել նաև նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը, ով համակարգում է մասսայական սպորտի ուղղությամբ տարվող աշխատանքները: Փոխնախարարը ներկայացրել է ամփոփ տեղեկատվություն, ինչպես վերոհիշյալ ստուգատեսների, այնպես էլ ընթացիկ տարում մասսայական սպորտի և առողջ ապրելակերպի բնագավառում նախարարության կատարած աշխատանքների ու կազմակերպած մարզական մասսայական միջոցառումների արդյունքների վերաբերյալ:
ՀՀ Նախագահի մրցանակով պարգևատրվել են՝
«Լավագույն քաղաքային մարզական համայնք»
1-ին տեղի մրցանակ՝ Շիրակի մարզ, ք. Գյումրի
2-րդ տեղի մրցանակ՝ Սյունիքի մարզ, ք. Քաջարան
3-րդ տեղի մրցանակ՝ Արմավիրի մարզ, ք. Էջմիածին
«Լավագույն գյուղական մարզական համայնք»
1-ին տեղի մրցանակ` Տավուշի մարզ, գ. Կողբ
2-րդ տեղի մրցանակ` Շիրակի մարզ, գ. Ամասիա
3-րդ տեղի մրցանակ` Վայոց ձորի մարզ, գ. Արենի
«Լավագույն մարզական բակ»
1-ին տեղի մրցանակ` Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 1-րդ զանգվածի Նանսենի փողոցի 7-րդ շենքի և N 106 դպրոցի հարակից մարզական բակ
2-րդ տեղի մրցանակ` Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նալբանդյան 2-րդ շենքի հարակից բակ
3-րդ տեղի մրցանակ` Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ավան-Առինջ, 1-ին միկրոշրջան, 2/11-րդ շենքի հարակից մարզական բակ:
Միաժամանակ համապատասխան կարգի հավաստագրերով և գավաթներով պարգևատրվել են 2014 թվականին ՀՀ մարզերում և ԼՂՀ–ում անցկացված մարզական փառատոնի հաղթող Լոռու մարզի Վանաձոր, Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Տավուշի մարզի Իջևան քաղաքները: